Արցախում այս տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվն աճել է մոտ 200-ով. գերակշռել են տղաները


Արցախում այս տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվն աճել է մոտ 200-ով. գերակշռել են տղաները
Հուլիս 18 12:07 2022

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այդ թվում՝ Ստեփանակերտում ծնվել է 697 երեխա, իսկ շրջաններում ծնունդների առավելագույն թիվը գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29:

 

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:

Հարկ է նշել, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից 3 տղա, 3 աղջիկ: Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում՝ ԱՀ-ում ծնունդների ընդհանուր թիվն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:

«Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ունենք ուրախալի փաստ այն առումով, որ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով, և նորածինների մեջ գերակշռում են ապագա զինվորները»,-նշել են ԱՀ առողջապահության նախարարությունից: