Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանը մեղադրվում է ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Ադիբեկյանը անձանց հանրային գործունեությամբ պայմանավորված, «ծայրահեղ անպարկեշտ եղանակով» վիրավորել է հասարակական գործունեությամբ զբաղվող մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել նրանց վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր: 2022թ հուլիսի 1-ից՝ Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո արարքն ապաքրեականացվել է։ Մինչ Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտներ, գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել ու գործն ուղարկվել դատարան։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր կայացել է գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում պաշտպան Ռուբեն Մելիքյանը պնդեց դեռևս հուլիսի 1-ին իր կողմից ներկայացված միջնորդությունը, որը պայմանավորված էր նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով, որով ապաքրեականացված է նշված արարքը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնել Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Արմինե Ադիբեկյանը դիրքորոշում հայտնեց՝ նշելով, որ կցանկանար շարունակվեր դատավարությունը, որպեսզի իր ներկայությամբ ասեն, թե ինչ վիրավորանք, տառապանքների է հասցրել, ինչի հետևանքով ինքն ամիսներ շարունակ հետապնդման է ենթարկվում։
«Պահանջում եմ, պնդում եմ, որ պետք է արդարացվի այլ պատճառով։ Ես ի վիճակի չէի Նիկոլ Փաշինյանի գիրքը ցիտելով որևէ մեկին վիրավորել»,- եզրափակեց Ադիբեկյանը։
Դատախազ Սուքիասյանը նույնպես միջնորդեց՝ դադարեցնել Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Լսելով կողմերին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ այսպես կոչված «ծանր վիրավորանքը» քրեականացվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, որն օգտագործվեց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Նշված հոդվածի ներմուծումը քննադատվել էր նաե միջազգային կառուցների կողմից՝ գնահատվելով որպես հետքայլ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան










