|
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Այդ մասին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում բավական ուշագրավ մի կետ կար, որը ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում բացակայում էր։ Համաձայն Կրեմլի՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է վերջին շրջանում տեղի ունեցած այն շփումների մասին, որոնք միտված են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը»։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր նյուանս է, հատկապես երբ, համաձայն ռուսական կողմի, Փաշինյանն ինքն է զանգել, ու, դատելով Կրեմլի հաղորդագրությունից, զանգել է հենց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարված քայլերի ընթացքի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների ու արդյունքների մասին Ռուսաստանի նախագահին զեկուցելու։ Այս նյուանսի վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե թուրքական և ռուսական փորձագիտական-վերլուծական համայնքում չհայտնվեին հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է առաջիկայում տեղի ունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Թուրքական փորձագիտական-վերլուծական հանրույթում կարծում են, որ այդ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, թե՛ այդ հարցից ածանցված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ «զանգեզուրյան միջանցքի» բացման հարցը, հնարավոր է կարգավորել հենց նման «հանդիպումների» մակարդակում։ Մանրամասները՝ թերթի համարում: |










