Հերթական գործարարի մшհը. Մերձմոսկվայում առեղծվածային ձեւով սպանվել են ռուսաստանցի գործարարն ու նրա կինը


Հերթական գործարարի մшհը. Մերձմոսկվայում առեղծվածային ձեւով սպանվել են ռուսաստանցի գործարարն ու նրա կինը
Հունիս 28 14:00 2022

Մերձոմսկովյան Զարեչիե գյուղում հայտնաբերվել են գործարար Եվգենի Պալանտի եւ նրա կնոջ մարմինները։ Նրանք սպանվել են դանակի հարվածներից, տեղեկացրել է zerkalo.io-ն՝ հղում կատարելով Մոսկվայի մարզի ՔԿ Գլխավոր քննչական վարչությանը։

Գործարարին եւ նրա կնոջը սպանված են գտել ներսից փակված բնակարանում։ «Զարեչիե գյուղի բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիակները. տղամարդը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից, կինը մահացել է կրծքի շրջանում դանակի հարվածից, պարանոցի եւ ձախ ձեռքի վերքերից, որոնք հասցվել են կտրող գործիքով։ Բնակարանի դուռը ներսից բանալիով փակ է եղել»,- լրագրողներին տեղեկացրել են Մոսկվայի մարզի ՔԿ Գլխավոր քննչական վարչությունում։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տվյալներով՝ 48-ամյա Պալանտի եւ 50-ամյա կնոջ դիերը հայտնաբերել է ամուսինների դուստրը։

Հարուցվել է քրեական գործ։

Եվգենի Պալանտը աբխազական «Ա-Մոբայլ» բջջային օպերատորի համասեփականատերն էր, ինչպես նաեւ պատկառելի բաժին ուներ «Ինսթալսայթ» ինժինիրինգային ընկերությունում, որը ծառայություններ է մատուցում կապի համակարգերի ստեղծման եւ սպասարկման ոլորտում։

Ապրիլին Մոսկվայում սպանված են հայտնաբերել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւին, նրա կնոջն ու դստերը։ Քննության վարկածով Ավաեւը սպանել էր իր մերձավորներին, հետո սպանել էր իրեն։

Գազի ոլորտի եւս մեկ ռուսաստանցի միլիոնատեր ապրիլին  մեռած է գտնվել Իսպանիայում։ Ոստիկանության նախնական վարկածով՝ 55-ամյա գործարարը կացնով եւ դանակով սպանել էր կնոջն ու դստերը, երբ նրանք քնած էին, հետո կախվել էր։

Իսկ մայիսին մոսկվացի շամանի նկուղում հայտնաբերվել էր «Լուկօյլի» նախկին թոփ-մենեջեր Սուբոտինի մարմինը։ Ռուսաստանի ՔԿ-ում նրա մահվան պատճառ նշել են սրտի անբավարարությունը։



loading...