Ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները


Ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները
Հունիս 27 08:40 2022

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։

 

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Միջոցառման նպատակն էր ամփոփել հանրակրթական ուսումնական հաստատություններում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիրը:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչած թիմին՝ թե՛ մանկավարժներին, թե՛ կազմակերպիչներին ու վերապատրաստողներին, թե՛ աջակիցներին. «Այս օրը թող լինի ոչ թե դժվարություններից ու խնդիրներից խոսելու, այլ միմյանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու օր, որպեսզի կարողանանք առաջ գնալ, որովհետև աշխատանքներն ամենևին չեն ավարտվել, և մեզ նոր փորձություններ են սպասվում։ Սիրելի՛ մանկավարժներ, այս մեկ տարվա ջանասեր աշխատանքի շնորհիվ դուք գտել եք խնդիրների լուծման ճանապարհը ոչ միայն ձեր, այլև ամբողջ երկրի բոլոր դպրոցների ու աշակերտների համար, քանի որ դուք էիք առաջամարտիկները։ Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին»։