«Դիմադրության» շարժումը չի ձախողել , պետք է մի քիչ նյարդեր ու կամք, որպեսզի հասնենք մեր նպատակին.Արթուր Վանեցյան


«Դիմադրության» շարժումը չի ձախողել , պետք է մի քիչ նյարդեր ու կամք, որպեսզի հասնենք մեր նպատակին.Արթուր Վանեցյան
Հունիս 24 11:30 2022

«Դիմադրության» շարժումը չի ձախողել , ունի իր դրական արդյունքները, պետք է մի քիչ նյարդեր ու ժամանակ, կամք, որպեսզի հասնենք մեր նպատակին: «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ես չեմ համարում, որ ձախողել ենք մեր պայքարը, որ այլևս ոչինչ չպետք է անենք, ավելին, ես շարունակելու եմ պայքարել։ Ես ուզում եմ ֆիքսել, որ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է ունենալ անվտանգ Հայաստան ու Արցախ, բայց քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր ուժն են իշխում, մենք այդ նպատակին միանշանակ չենք կարողանալու հասնել, ուստի առաջին հերթին պետք է հասնենք նրանց հեռացմանը, որից հետո կհասնենք մեր վերջնական նպատակին»,-ասել է Վանեցյանը:

 

Արթուր Վանեցյանը հերքեց այն լուրերը, թե ինքը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին փորձել է համոզել, որ նրանք հրապարակավ հայտարարեն ու հեռանան պայքարից.

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ այլևս բարձր պաշտոն չի զբաղեցնելու Հայաստանում, Ռոբերտ Քոչարյանը փաստացի հանդիսանում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, եւ «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցությունները եւ գործիչները այսօր ակտիվ գործունեություն են ծավալում հրապարակում։ Դա իրենց որոշելիքն է, թե Ռոբերտ Քոչարյանը հետագայում պիտի զբաղեցնի՞ բարձր պաշտոն, թե՞ ոչ։ Նման խոսակցություններ, նման պահանջներ իմ կողմից երբեք չեն եղել», - ասաց նա։