Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը հասել է որոշակի առաջընթացի. Լավրով


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը հասել է որոշակի առաջընթացի. Լավրով
Հունիս 23 21:38 2022

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին ու Երևանին՝ սահմանազատման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։

 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լավրովը նշել է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խումբը որոշակի առաջընթացի է հասել, իսկ սահմանների հարցի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ կան։

 

«Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվություն մատուցել հանձնաժողովներին, որոնք ձևավորել են Ադրբեջանն ու Հայաստանը՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման համար։ Կոնկրետ առաջարկներ կան դրա վերաբերյալ։

 

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ստեղծված՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը հասել է որոշակի առաջընթացի։ Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

«Իմ կարծիքով՝ ընդհանուր պատկերացում է ձևավորվում, թե ինչպես կարելի է առավելագույնս հարմար տարբերակով լուծել ավտոմոբիլային տեղաշարժի կազմակերպման հարցը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- հավելել է Սերգեյ Լավրովը։