Հայտարարատու պաշտոնատար անձինք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրեր են ներկայացնում։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է արդեն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, քանի որ հրապարակվել է նրա՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը, և նրա մասին նոր փաստեր են ի հայտ եկել։ Ինչպես մեր նախորդ հրապարակումից հայտնի դարձավ, Թորոսյանի կյանքը 2018 թվականից ի վեր էականորեն բարելավվել է և շարունակվում է բարելավվել։
Հիշեցնենք, որ 2018 թվականին առողջապահության նախարարի պաշտոնը ստանձելիս Արսեն Թորոսյանն ուներ անհատական բնակելի տուն, 2 BMW մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմում էին 21.000 դոլար, 15․000 եվրո, 1,7 մլն դրամ, իսկ եկամուտները` 7,4 մլն դրամ։
Ստորև ուսումնասիրված է Արսեն Թորոսյանի` 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Միայն 2021 թվականին նա հասցրել է գնել 4 անշարժ գույք` հողամաս, բոլորն էլ միանձնյա սեփականության իրավունքով պատկանում են Արսեն Թորոսյանին, դրանցից երկուսը Արագածոտնի մարզի Փարպի գյուղում են, որոնց արժեքները կազմում են 1,3 և 3,7 մլն դրամ, իսկ մյուս երկուսը՝ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում՝ 12,3 և 2,7 մլն դրամ արժեքներով: Ընդհանուր առմամբ` Արսեն Թորոսյանը 2021 թվականին 20 միլիոն դրամ է ծախսել անշարժ գույք ձեռք բերելու համար:
Թորոսյանը հասցրել է 2021 թվականի հունիսին գնել 17,750,000 դրամ արժողության BMW և նոյեմբերի վաճառել այն 16,400,000 դրամով։
2021 թվականը Թորոսյանի համար ոչ միայն հատկանշական էր պատգամավորի մատնդատ ստանալով և 4 հողամաս գնելով, այլ նաև եկամուտների երկրաչափական պրոգրեսիայով աճով, տարեսկզբի բանկային հաշիվներին եղած գումարները աճել են մի քանի անգամներով՝ մոտ 3 միլիոն դրամը դարձել է ավելի քան 12մլն դրամ, մոտ 10 հազար դոլարը` ավելի քան 20 հազար դոլար, իսկ ավելի քան 10 հազար եվրոն` մոտ 31 հազար եվրո։
Թորոսյանի եկամուտները կազմել են ավելի քան 28,4 մլն դրամ և մոտ 21 հազար եվրո։ Դրամական եկամուտները ձևավորվել են որպես աշխատավարձ` առողջապահության նախարարի (ավելի քան 3,5 միլիոն դրամ), վարչապետի աշխատակազմի ղեկավարի (ավելի քան 9,2 միլիոն դրամ) զբաղեցրած պաշտոններից, Ազգային ժողովից (ավելի քան 3,1 միլիոն դրամ) և Առողջապահության ազգային ինստիտուտից (ավելի քան 2,1 միլիոն դրամ): Թորոսյանը նաև նվիրատվություն է ստացել Գևորգ Թորոսյանից՝ 9մլն 520 հազար դրամի չափով, որպես այլ եկամուտ ԴԱՀԿ-ից ստացել է 779 հազար դրամ, իսկ 20,737 եվրո էլ ստացել է «Bank Austria»-ից:
Թորոսյանի հայտարարագրի ծախսերի բաժնում նշվում է, որ Արսեն Թորոսյանը ավելի քան 341 հազար ռուբլի է ծախսել չորս անգամ, և ավելի քան 1000 ռուբլի մեկ անգամ հանգստի համար ճանապարհածախսի վրա:




Աղբյուր` AntiFake.am










