Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Գյումրիի պապիկների» գործով դատական նիստը, որը, սակայն, կարճ է տևել։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Քրեական գործով մեղադրյալները յոթն են՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։ Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Բացառությամբ Վելիխան Խլղաթյանի և Հոսիեկ Սարկիսյանի՝ բոլոր մեղադրյալները կալանավորված են։
Գործով տուժողի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել այն մասին, որ տուժողները չեն կարող մասնակցել դատական նիստերին՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով, սակայն դատարանը գտել է, որ անհրաժեշտ է, որ տուժողները նիստին ներկայանան։ Քանի որ այսօրվա նիստին տուժողների մի մասը չէր ներկայացել, դատարանը որոշեց նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 14։00-ին:










