Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02;20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի անվտանգության ահազանգման համակարգը միացել է, գրել է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։
Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բանկի մասնաճյուղի այդ հատվածը եղել է չբնակեցվող և առանց հսկողության թողնված։
Այն մասնաշենքի 2-րդ հարկն է, որտեղ պանելային հատակը շուրջ 30 սմ տրամագծով տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ, փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։
Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։










