«200,000 դոլարի վնաս եմ կրել». նախկին նախարարն ահազանգում է


«200,000 դոլարի վնաս եմ կրել». նախկին նախարարն ահազանգում է
Հունիս 23 14:50 2022

Ծաղկի մշակությամբ զբաղվող Աշոտ Հակոբյանը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Նա երեկ մի բեռնատար ծաղիկ է թափել, որը նախատեսել էր արտահանել: Այսօր եւս թափելու է: Աշոտ Հակոբյանն այս մասին լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ դիմելով ՀՀ կառավարությանը խնդրել է հուշել. «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ, թոռոմել են առանց Լարս»: Տեղեկացնենք, որ խոսքը ՀՀ տրանսպորտի, կապ նախկին նախարար Աշոտ Հակոբյանի մասին է, որը այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին:ArmLur.am-ը դիմեց Աշոտ Հակոբյանին եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ չի կարողացել արտահանել:

«Ճանապարհները փակ են. պայմանավորվածություններ կան կապված մրգի, բանջարեղենի համար, բայց ծաղիկները դուրս են մնացել այդ պայմանավորվածությունների շարքից: Ծաղկի արտահանման հետ կապված հարցը դուրս է մնացել: Չգիտեմ, երեւի պատճառը կիսատ-պռատ պայմանավորվածություններն են վրացական կողմի հետ: Այսինքն, պայմանավորվածություն կա օրական մրգի ու բանջարեղենի 60-70 մեքենա Հայաստանից ուղարկել, եթե դրանք անարգել Վրաստան մտան, ապա պետք է գնան Վերին Լարսի անցակետ: Բայց ծաղիկը դուրս է մնացել»,- նկատեց Հակոբյանը:

 

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ գրավոր ձեւով որեւէ գերատեսչության չի դիմել, բայց իր ունեցած ներքին կապերով, ծանոթ մարդկանց դիմել եւ արձագանք չի ստացել: «200 հազար դոլարի չափով վնաս եմ կրել, նույնքան էլ վնաս կկրեմ մինչեւ օգոստոս: Ծաղկի դեպքում կոկոնի բացվածության աստիճան կա, պիտի քաղես ու իրացնես. քաղում ենք, պահեստավորում, անցնում է 3 օր եւ 4-րդ, 5-րդ օրերին դու արդեն գիտես, որ այն պիտանի չէ արտահանման համար, իսկ մեր արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է: Մենք ստիպված ենք լինում նորից այդքան աշխատավարձ տալ տեսակավորողներին, աշխատողներին փաթեթավորման համար, մեքենա կանչել, տանել, թափել, որ սառնարանում տեղ մնա, որպեսզի կարողանանք նորից քաղենք»,- ներկայացրեց Աշոտ Հակոբյանը:

Տեղեկացնենք, որ տնտեսվարողի ահազանգին չի արձագանքել էկոնոմիկայի նախարարությունը:

Սյունէ Համբարձումյան



loading...