Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին
Հունիս 22 19:30 2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի դերը՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ դրանք պետք է մշտական կապի մեջ լինեն բնակիչների հետ ու տեղերում հասկանան առկա խնդիրները:

 

«Քաղաքում նախաձեռնված լայնածավալ նախագծերին զուգահեռ՝ վարչական շրջաններից յուրաքանչյուրն էլ իր հերթին է ծրագրեր իրականացնում: Շատ կարևոր է, որ դուք մշտական շրջայցերի ընթացքում տեղերում ծանոթանաք վարչական շրջանների խնդիրներին, ու բնակիչների հետ միասին կարողանանք գտնել արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետը:

 

 

Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:

 

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրեն Ղամբարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ: