Ոստիկանությունը թող ասի, թե Ապարանում սպանության ժամանակ քանի տեսակի զենք է գործադրվել


Ոստիկանությունը թող ասի, թե Ապարանում սպանության ժամանակ քանի տեսակի զենք է գործադրվել
Հունիս 22 16:50 2022

Ոստիկանությունը, որը ընդդիմադիրների հետ կապված հանցագործությունների մասին մնում է սերիալներ  նկարի, հիմա Ապարանի տարածքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվածի անունը չի հրապարակում, չի ասում նաեւ, թե  ինչ զենքեր են գործադրվել։ Այս մասին գրում է Politik.am-ը։

«Քանի որ ոստիկանությունը լռում է, ինչը նշանակում է, որ թաքցնելու բան ունեն, իսկ թաքցնելու բան սովորաբար լինում է այն ժամանակ, երբ այդ մարդիկ փոխկապակցված են իշխանության հետ, ապա ես կհրապարակեմ տեղեկություններ, թող ոստիկանությունը հաստատի կամ հերքի։

Ես տեղեկություններ ունեմ, որ այդ հանցագործությունը կատարվել է մի քանի անձանց կողմից, իսկ հանցագործության գործիքը ոչ միայն որսորդական հրացան է եղել, այլեւ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ ու ատրճանակ։ Որեւէ ադեկվատ մարդ չի կարող պատկերացնել, որ որսորդական հրացանով կարելի է 7 հոգու վիրավորել, ընդ որում՝ երկուսը զոհվել են։ Ակնհայտ է, որ այդտեղ մի քանի տեսակի զենք է գործադրվել ու տարբեր ուղղություններով եւ այդ մարդիկ հնարավորություն չեն ունեցել խուսափել։ Ոստիկանությունը թող ասի, թե քանի տեսակի զենք է գործադրվել, դա էլ հո անձնական տվյալ չէ։ Եթե լռում են, ուրեմն քաղաքացիները իրավունք ունեն ենթադրություններ անել։ Տեղեկատվություն կա, որ մի քանի օր առաջ այդ մարդկանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել գազալցակայաններից մեկում, որտեղ տեսախցիկներ կան, հիմա ոստիկանությունը ինչո՞ւ այդ տեսագրությունը չի տարածում։ Երբ ընդդիմությանը վերաբերող տեսանյութ է լինում, անմիջապես տարածում են, բա ինչո՞ւ հիմա չեք տարածում, եթե իշխանության ներկայացուցիչներ չկան, տարածեք տեսնենք ու առանց մոնտաժի»,– «Մուրազի Ժամ» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասում է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին։

Ըստ մամուլի հրապարակումների՝ սպանության ժամանակ դեպքի վայրում են եղել  եղբայրներ՝ Արմեն եւ Հայկ Հովհաննիսյանները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Մաթեւոս Աստարյանի եղբայրը՝ Գռզո Ասատրյանը։ 

Մանրամասները՝  Politik.am-ում։