Չեմ համարում, որ պայքարը ձախողվեց, իմ և «Դիմադրություն» շարժման նպատակը համընկնում է, դրան հասնելու ճանապարհներն են տարբեր. Արթուր Վանեցյան


Չեմ համարում, որ պայքարը ձախողվեց, իմ և «Դիմադրություն» շարժման նպատակը համընկնում է, դրան հասնելու ճանապարհներն են տարբեր. Արթուր Վանեցյան
Հունիս 21 23:31 2022

Չեմ համարում, որ պայքարը ձախողվեց, այն այս փուլում չհաջողվեց, բայց պայքարը շարունակելու ենք և հասնելու ենք մեր նպատակին անպայման։

 

 

Այս մասին «Առաջին ալիքի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը․

 

«Այս փուլում պետք է սկսենք լայն երկխոսություն հանրության հետ, խոսենք ժողովրդի հետ, լինենք Երևանի տարբեր թաղամասերում և խոսենք մարդկանց հետ։

Մարդիկ լսելու և լսվելու կարիք ունեն, մարդկանց հետ պետք է լինել ազնիվ, բաց և թափանցիկ։ ԱԺ-ն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է գործունեություն ծավալենք, դա չի նշանակում, որ իմ մյուս գործընկերները սխալվում են, միգուցե ես եմ սխալվում։ Ժողովուրդը մեզ տվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու համար։ Իմ ընտրողը ինձ չի տվել մանդատ, օրինակ, սնդիկի մասին օրենքը քննարկելու»:

 

 

Վանեցյանն ասաց, որ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցությունը մնալու է, պարզապես դրանում ներկայացված չեն լինելու «Հայրենիք» կուսակցության անդամները։ Նա նշել է, որ անկուսակցական պատգամավորներն ազատ են իրենց որոշումներում՝ կարող են մնալ խորհրդարանում կամ չմնալ։

«Իմ և «Դիմադրություն» շարժման օրակարգերը և նպատակը համընկնում են, ուղղակի դրան հասնելու ճանապարհներն են տարբեր։ Շարժումը ունեցել է որոշակի հաջողություններ և որոշակի բացթողումներ, դրա համար դեռ չի հասել նպատակին։ Շարժումը կանխել է հնարավոր կապիտուլյացիոն փաստաթղթերը, ցույց է տվել, որ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների ու երկրորդ կապիտուլյացիայի։ Սա համազգային շարժում է՝ ղարաբաղյան շարժման նման»,-հայտարարեց Վանեցյանը։