Օրեր առաջ հարևան Վրաստանում հաստատվել էր կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։ Չնայած Հայաստանում դեռևս պաշտոնապես հաստատված դեպքեր չունենք, բայց ArmDaily.am-ը զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի հետ՝ պարզելու վարակի փոխանցման մեխանիզմները,նաև թե ինչպես կարելի է խուսափել տվյալ հիվանդությունից, հատկապես երբ մեկնարկել է տուրիստական ակտիվ շրջանը։
Վարակաբանի պնդմամբ՝ սա հիմնականում կոնտակտային փոխանցվող վարակ է, որն իրենից ենթադրում է հիվանդի հետ սերտ շփման, անձնական իրերի օգտագործման միջոցով փոխանցում։
«Գրանցված դեպքերի հիմանական մասը եղել է սեռական ճանապարհով փոխանցում՝ հատկապես համասեռամոլ տղամարդկանց շրջանում։ Վիրուսային ինֆեկցիայի դեպքերի մեծ մասը դրսևորվում է ցանավորման տեսքով։ Չի բացառվում նաև սերտ շփման միջոցով փոխանցումը»,- նշեց վարակաբանը։
Նրա խոսքով՝ այստեղ հիմնականում ռիսկային են անձնական օգտագործման իրերը՝ սրբիչ, անկողնային պարագաներ և այլն։
«Օդակաթիլային փոխանցումը, որն է՛լ ավելի կմեծացներ վարակի տարածման արագությունը և հավանականությունը, այս հիվանդությանն այդքան բնորոշ չէ»,- ընդգծեց Ստեփանյանը։
Վարակաբանի հավաստմամբ՝ անձնական հիգիենայի կանոների պահպանումը, այլ անձանց անձնական պարագաների չօգտագործումը որոշակիորեն կնվազեցնեն վարակվելու ռիսկերը։
Ստեփանյանը նշեց, որ ներկայում որոշ երկրներ ակտիվացրել են բնական ծաղկի դեմ պատվաստումները, քանի որ դրանք կապիկի ծաղկի նկատմամբ ևս ունեն արդյունավետություն։
«Այս վիրուսն արձանագրվել է 1970-ական թվականներին և մինչև հիմա եղել է որպես կենդանուց մարդուն փոխանցվող վարակ՝ առավելապես կրծողներից, կապիկներից։ Մարդուց մարդ փոխանցում առանձնապես չի արձանագրվել։ Հաշվի առնելով այս ինտենսիվ տարածումը՝հատկապես ոչ բնորոշ երկրներում, որոշ երկրներ ակտիվացրել են պատվաստումները բնական ծաղկի դեմ, որոնք 85 տոկոս արդյունավետություն ունեն նաև կապիկի ծաղկի նկատմամբ, որովհետև վիրուսները պատկանում են նույն ընտանիքին»,-ընդգծեց վարակաբանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ առողջապահական կազմակերպություններն իրազեկված են դեպքի սահմանման մասին ու պետք է հուսալ, որ այն հանրային առողջության համար լուրջ գերխնդիր չպետք է հանդիսանա։ Ամեն դեպքում զգոնություն պահպանել պետք է։
«Վիրուսի մահաբերությունն այդքան բարձր չի, ու այն շտամը, որը ներկա պահին տարածվում է, միայն 1 տոկոս մահաբերություն է արձանագրում։ Վիրուսը սպեցիֆիկ բուժական միջոցներ,որպես այդպիսին, դեղամիջոցներ չունի։ Վարակը բավականին նորմալ ենթարկվում է ինքնաբուժման, մի քանի օրում ցանն ինքնուրույն հետ է զարգանում և պացիենտի ինքնազգացողությունը լավանում է», -ամփոփեց վարակաբանը։
Նշենք, որ ԱՀԿ տվայլների համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կապիկի ծաղիկ հիվանդության 2103 դեպք է հաստատվել աշխարհի մոտ 42 երկրում։ Առավելագույն դեպքերը հաստատվել են Մեծ Բրիտանիայում (524 դեպք), Իսպանիայում (313 դեպք), Գերմանիայում (263դեպք), Պորտուգալիայում (241 դեպք), Կանադայում (159 դեպք), Ֆրանսիայում (125 դեպք) և այլն։










