Ադրբեջանցիները չեն վերադարձրել Տեղ համայնքի հովիվից հափշտակած 300 ոչխարները. Հայաստանի կառավարությունը եւս չի փոխհատուցել


Ադրբեջանցիները չեն վերադարձրել Տեղ համայնքի հովիվից հափշտակած 300 ոչխարները. Հայաստանի կառավարությունը եւս չի փոխհատուցել
Հունիս 17 20:58 2022

Ադրբեջանցիները մինչ օրս չեն վերադարձել դեռևս հունվարի 13-ին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանից հափշտակած 300 ոչխարները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

«Դա վերջացած թեմա է, ադրբեջանցիներն ասում են՝ չկա ու վերջ»,-ասաց համայնքապետը:

 

Մեր այն հարցին, թե հովվին փոխհատցուցում տրվել է՝ համայնքապետը բացասական պատասխան տվեց՝ դեռ՝ ոչ, բայց պետք է տրվի:

Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը վստահեցրեց, որ Տեղ համայնքում ամեն ինչ կարգին է, համայնքում իր նորմալ հունով գնում է ամեն բան, սահմանային որևէ միջադեպ չի եղել.

«Մեր սահմանի հետ կապված որևէ խնդիր չկա, ոնց կար, այդպես մնացել է, ամեն մարդ իր դիրքում կանգնած է, եթե կողքից խանգարող չլինի ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսելու շուրջ բանակցություններ են ընթանում, Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ այս գործընթացի արդյունքում Տեղ համայնքից որոշ հատվածներ ևս հնարավոր է հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն համայնքապետը նման մտավախություն չուներ.

«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, սահմանագծում և սահմանազատում կլինի, նոր կխոսենք, բայց մտավախություն չունենք, մենք չենք թողնի, անհոգ մնացեք»,-ասաց նա:

 

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ կառավարությունը չի փոխհատուցել նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներին, որոնց շուրջ 80 գլուխ խոշոր անասունը կրկին հափշտակվել էր ադրբեջանցիների կողմից՝ մոտ մեկ տարի առաջ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել էր Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանը։