ՀՀ ընտրական օրենսգրքում բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքները դեռևս համակարգային, ամբողջական և արդյունավետ կերպով չեն սահմանվել. զեկույց


ՀՀ ընտրական օրենսգրքում բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքները դեռևս համակարգային, ամբողջական և արդյունավետ կերպով չեն սահմանվել. զեկույց
Հունիս 17 19:28 2022

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։

 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքներն ավելացում և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովվումը մասամբ է կատարվել։

Վերլուծության մեջ նշվում է, որ 01.04.2021թ․ և 07.05.2021թ․ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքներով փոփոխություններ է կատարվել ընտրական օրենսգրքի ընտրական քվեարկության կարգին վերաբերող 11-րդ գլխի 64-րդ, 65-րդ, 67-րդ հոդվածներում, որոնց գերակշիռ մասը տեխնիկական բնույթի են, միայն չնչին մասն է, որը ինչ-որ կերպ առնչվում է բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքներն ավելացնելուն: Դրանցից է ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ մասը. «14. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը համարում են, որ քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել է սույն օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։»։

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային Ժողովի վերջին ընտրություններին բազմակի քվեարկության դեպքերին, ապա ՀՀ դատախազությունը հայտարարել է, որ ստացել է քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին 319 հաղորդում, որոնցից 89-ը՝ բազմակի կամ այլ անձի փոխարեն քվեարկության առնչությամբ։

Ինչպես նաև, 22.10.2021թ․ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է նյութ՝ ամփոփում՝ 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկության օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ:

 

Նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից 2-ին՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվեարկելու փորձ կատարելու համար: