ԲԴԽ-ն առանց Ռուբեն Վարդազարյանի մասնակցության քննարկեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ


ԲԴԽ-ն առանց Ռուբեն Վարդազարյանի մասնակցության քննարկեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ
Հունիս 16 14:42 2022

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ հանձնախմբի միջնորդությունը քննարկվեց՝ առանց Վարդազարյանի և նրա փաստաբանի ներկայության։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

 

Թեև Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստին, ուստի՝ խնդրում է հետաձգել այն՝ ԲԴԽ-ն հետաձգման միջնորդությունը մերժելուց հետո անցել է Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ըստ էության, քննությանը։ Այն ներկայացրեց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։ Վարդազարյանի՝ «այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի եւ ուղարկել ԲԴԽ» արտահայտությունը, ըստ հանձնախմբի, կասկածի տակ է դնում հետագա հնարավոր կազմի պրոֆեսիոնալիզմը, հեղինակազրկում ԲԴԽ-ն և դատական իշխանությունը։

Վարդազարյանի՝ որպես դատավոր լիազորությունները կասեցված են, օրենքի ուժով է այդպես, սակայն նա շարունակել է մնալ ԲԴԽ նախագահ, ակնհայտ է, որ նա նման արտահայտություններ չի կատարել որպես դատավոր, այլ՝ որպես ԲԴԽ անդամ, տվյալ դեպքում՝ նախագահ, հետևաբար, վարքագծի կանոնները տարածվում են նրա նկատմամբ։ ԲԴԽ դատավոր անդամ Անի Մխիթարյանը հարցեր ուղղեց հանձնախմբի անդամներից Լիպարիտ Մելիքջանյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս անաչառ համարում է իրեն, թե՝ ոչ.«Ամբողջ միջնորդության մեջ նշում եք, որ կարծում եք, որ թույլ է տրվել խախտում, տպավորություն է, որ Դուք այնքան էլ վստահ չեք, որ Վարդազարյանը թույլ է տվել կարգապահական խախտում»։

Մինչ Մելիքջանյանը կպատասխաներ հարցին Բեքմեզյանը միջամտեց՝ նշելով, որ հանձնախումբն առավել քան օբյեկտիվ է, հանձնախումբը որոշել է, որ ինքը պետք է պատասխանի հարցերին, ինչին արձագանքելով Մխիթարյանը նշեց, որ նրան ևս հարցեր ունի։ Հատկանշական է, որ Անի Մխիթարյանի հարցի ընթացքում Ջհանգիրյանը վերցրել էր խոսափողը, որով ձայնագրառվում է նիստը, տեղափոխել այն իր մոտ, սակայն խոսափողը շուտով վերադարձվեց և Մխիթարյանը շարունակեց հարցեր ուղղել։ Հարցուպատասխանի ավարտից հետո Անի Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց՝ նիստը մեկ շաբաթով հետաձգելու մասին՝ Վարդազարյանի և նրա ներկայացուցչի ձայնը լսելի դարձնելու նպատակով։ Անի Մխիթարյանի միջնորդությանը միացան Մեսրոպ Մակյանը, Սերգեյ Չիչոյանը։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց մերժել հետաձգման միջնորդությունը, ապա, գրավոր փաստաթղթեր հրապարակելու անհրաժեշտություն չլինելով պայմանավորված՝ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին, ժամը՝ 13.55-ին։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան