Իմ միջնորդությամբ Ազգային ժողովի 43 միավոր շարժական գույքը նվիրաբերվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«2021 թվականի դեկտեմբերի 10-ին այցելել էի Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ բնակավայր։ Չնայած մի քանի մետրի վրա՝ գյուղացիների նախկին տներում արդեն թշնամին էր, բայց շուռնուխցիները չէին պատրաստվում թողնել իրեց հողը, նոր շենքեր էին կառուցում, այդ թվում՝ գյուղապետարանի նոր շենք, և առկա էին գույքային խնդիրներ։
Վերադառնալուս պես ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին գրություն էի ուղարկել, որով առաջարկում էի Ազգային ժողովում առկա համապատասխան գույքային միջոցների հաշվին գյուղապետարանի համար ապահովել համապատասխան կարիքների բավարարումը. գյուղապետարանում առկա չէր նույնիսկ ամենատարրական իրերը՝ սեղան, աթոռ, վարագույր, ջահ և այլն (ցանկը՝ կցված նկարներում)։










