Փողոց դուրս եկած ընդդիմությունն ավարտեց իր փողոցային պայքարի առաջին փուլը, նշեց, որ շուտով պայքարի նոր փուլ են թեւակոխելու: Փողոցային պայքարի ավարտն ի՞նչ վտանգներով է հղի, Դուք` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ի՞նչ եք կարծում:
Հրապարակի» զրուցակիցն ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն է:
Ես զգուշավոր եմ վերաբերվում «ընդդիմադիր գործիչ» եզրույթին, որովհետեւ ես կա՛մ լինում եմ ընդդիմադիր, կա՛մ ընդդիմադիր չեմ լինում: Քաղաքական տեսանկյունից, այո, ես ընդդիմադիր եմ, որովհետեւ այս իշխանություններն ինձ համար հասկանալի մակարդակ չունեցան, բայց ընդդիմադիր լինելն իմ առաքելությունն ու գլխավոր նպատակը չէ: Ինչ վերաբերում է փողոցային պայքարից հրաժարվելուն, ապա ասեմ, որ դիմադրության շարժման գործիչները հրապարակում ասում էին, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք չեն հեռանալու: Այսինքն` այստեղ կա ետքայլ, բայց քանի որ ես ճանապարհ անցած մարդ եմ, մեծ ցույցեր եմ ղեկավարել, ներողամտորեն եմ վերաբերվում անցյալում արված լավատեսական հայտարարություններին եւ այսօրվա ետքայլին: Գիտեմ, որ դրանք համահունչ ու ներդաշնակ չեն, սակայն հանուն արդարության ասեմ, որ այս մարդիկ հսկայական ճիգեր գործադրեցին հանրության ուշադրությունն իրենց քայլերի նկատմամբ գրավելու համար, նրանք հիմա էլ չեն ասում, որ դադարում են պայքարից, այլ ասում են, թե ժամանակավոր դադար են վերցնում՝ նոր թափով ասպարեզ գալու համար: Ես, ցավոք, այն, ինչ իրենց մասնավոր զրույցներում եմ ասել, կարող եմ հրապարակավ էլ ասել. եթե իրենք շարունակեն մնալ սովորական, շարքային պայքարի տրամաբանության մեջ, այս ծանրագույն վիճակում ռազմավարական կարեւորություն ունեցող խնդիրներ չբարձրաձայնեն, եթե շարունակեն զուտ միայն Նիկոլի հրաժարականը պահանջել, ապա իրենց սպասվում է հենց այս նույն արդյունքը, ինչի համար ես ուրախ չեմ: Չէի ցանկանա, որ մարտավարական հարցերում ինձ հետ ընդհանրություններ ունեցողները ձախողվեին:
Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց զատ, ի՞նչ քայլեր պետք է անեն: Ի՞նչ եք ակնարկում:
Ես իրենց էլ մասնավոր զրույցներում ասել եմ, որ դեռեւս փողոց դուրս գալուց առաջ` խորհրդարանում պետք է հստակ ասեին. Նիկոլ Փաշինյան, 2020 թվականի փետրվարին, ազգի հիմնական խնդիրը` Սահմանադրությունն է: Պատահական չէ, որ ինչ-որ օրենքի օր չունենք, սակայն ունենք Սահմանադրության օր: Դա հիմնական օրենքն է, շատ ավելի կարեւոր, քան ցանկացած այլ բան: Նիկոլն այդ հարցում տապալվել է: Նիկոլ Փաշինյանը եղել է սխալ, եւ մենք այդ մասին միշտ ենք խոսել ու խոսելու ենք: Նա ձախողել է Սահմանադրության հարցը, հետեւաբար՝ պետք է հեռանա: Նրա՝ իշխանության մնալը ոչ միայն պարտություն է խորհրդանշում, այլեւ` իրավական հարցերում: Իսկ Հայաստանն իրավական պետություն է: Հավատացնում եմ, որ եթե ընդդիմությունը խոսեր այդ մասին, ինձ ձայն տված մարդիկ կկանգնեին նրանց թիկունքում: Ժողովրդավարությունն այսօր առավել, քան երբեւէ, գլխավոր արժեք է: Սահմանադրությունը պարտակված է, իսկ այսօրվա ընդդիմությունը դրանում ունի իր մեղքի բաժինը, քանի որ այն պարտակվել է Սերժ Սարգսյանի օրոք:
- Փաստորեն, ընդդիմությունը պայքարում չհաջողեց, իշխանություններն էլ պետականամետ չեն: Ի՞նչ անել:
- Երբ որեւէ մեկը զրկված է նախաձեռնություններ բերելու իրավունքից, եւ եթե դու ուզում ես նրան օգնել, առաջին գործդ պետք է լինի՝ վերադարձնել ինքնորոշման իրավունքը, իսկ հնարավարությունը տրվում է միայն ու միայն Սահմանադրությամբ: Արմատական բարեփոխումների միակ գործիքը դա է, բայց երբ դու ասում ես` Նիկոլ Փաշինյան, դու պետք է հեռանաս, եւ մենք տղերքով կորոշենք՝ ով է իշխանության գալու, դու ձախողում ես: Չես ասում, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ապիկար Սահմանադրությամբ…. Ասում են` ո՞վ է գրել այդ ապիկար Սահմանադրությունը, գրել է Սերժը…. Հետո ընդդիմության մի մասը քաշվում է մի կողմ, ու էդպես: Նման բարդույթները խանգարում են մեզ: Մենք պետք է սիրով օգնենք իրար: Նման կերպ ոչ մի արդյունքի չենք հասնելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f754b8dab768f95ce6744253c30004b9
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»










