ԵՊՀ֊ն՝ թշնшմու բլինդաժի պես զшվթած Փաշինյանը խոսում է բուհական բարեփոխումներից


ԵՊՀ֊ն՝ թշնшմու բլինդաժի պես զшվթած Փաշինյանը խոսում է բուհական բարեփոխումներից
Հունիս 16 14:30 2022

Խեղճ Արամ Սիմոնյան, երազում էր, որ թույլ տային տոներ ԵՊՀ 100-ամյակը, բայց այս իշխանությունն այնպես էր ատում նրան եւ այնքան էր ուզում հեռացնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, որ ամեն ինչ արեց ԵՊՀ հարյուրամյակը ջնջելու համար։ Հետո մեծ ճնշումների գնով, մի խումբ սորոսականների ստոր ծառայություններից օգտվելով, հասան նրան, որ Արամ Սիմոնյանը հրաժարական տտվեց։ Եւ չնայած մոտ 2 տարի փրփրաբերան հերքել էին, թե այդ պաշտոնին տեսնում են կրթության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին եւ ինքը՝ Հովհաննիսյանն էլ պարբերաբար ամոթանք էր տալիս «նման լուրեր տարածող լրագրողներին», բայց հասան նրան, որ օրենքը փոխելով, հոգաբարձուների խորհրդի նկատմամբ տեռոր իրականացնելով, Սուրեն Պապիկյանին խորհրդի նախագահ կարգելով ու բոլոր մյուս խոչընդոտները վերացնելով՝ ռեկտոր կարգեցին մինչեւ հեղափոխությունը Հանրային քաղաքականության ինստիտուտ կոչվող գրանտային կազմակերպության փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Ընդ որում ոչ միայն օրենքներն ու խորհուրդների կազմը փոխեցին եւ Համալսարանի դիմադրությունը կոտրեցին, այլեւ տրորեցին իրենց իսկ հայտարարած սկզբունքները՝ բուհերը չապաքաղաքականացնելու մասին խոստումները։ Չէ որ տարիներ շարունակ քննադատել էին նախկիններին, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները կեղծվել են՝ ճնշումներ են գործադրվել խորհրդի վրա։ 

 

Թերեւս նաեւ այդ խելահեղ պայքարն՝ ուղղված Արամ Սիմոնյանի դեմ, որին հանելուց հետո ԵՊՀ-ն շուրջ մեկ տարի ռեկտոր չուներ եւ հիմա էլ, ըստ ԵՊՀ հնաբնակների, անտերուդուս վիճակում է, արագացրեց Արամ Սիմոնյանի մահը։ Պարզ է, որ այս իշխանությունը նման հոգեկան ապրումներ չի ունենում։ Եթե հազարավոր երիտասարդների մահը, որն ուղղակիորեն իրենց խղճին է, չի անհանգստացնում՝ խաղաղ ապրում են, առավել եւս 67-ամյա մարդու մահվան մասին ինչ ունեն մտահոգվելու։

 

Եւ հանկարծ իմանում ենք, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը»՝ ողջունել եւ շնորհավորել է նրանց, հիշարժան այս օրվա առթիվ: Եւ կեղծ ու սին խոսքեր է հնչեցրել մի համալսարանի հասցեին, որի 100-ամյակն ինքը քենսլ արեց, որի ինքնավարությունը զրոյին հավասարեցրեց, որի ընտրված ռեկտորին հալածեց ու ստիպեց ապօրինաբար հեռանալ պաշտոնից, որ իր մարդուն նշանակի։

Համալսարանը որպես թշնամու բլինդաժ գրաված մարդն այսօր հայտարարում է․ 

 

«Այն դրական բարեփոխումները և փոփոխությունները, որոնց մասին խոսում ենք, ես միշտ համեմատում եմ հրթիռի հետ. երբ հրթիռը երկրից պոկվում է՝ կա առաջին աստիճանը շարժիչների, որը սպառվելուց հետո բաց է թողնվում, հետո կա երկրորդ աստիճանը, հետո երբեմն լինում է նաև երրորդ աստիճանը: Ես կարծում եմ, որ մենք մեր բուհական համակարգն ահա այսպիսի տրամաբանությամբ զարգացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեր բուհական համակարգը, կարծես, արդեն սպառել է առաջին աստիճանի շարժիչները, և կարծում եմ՝ եկել է ժամանակը գործարկելու երկրորդ աստիճանի շարժիչները՝ նոր արագություն, նոր որակ, նոր բովանդակություն ստանալու համար․․․․

 

Ուզում եմ ևս մեկ անգամ այս տոնական առիթով գնահատանքի խոսքեր ասել Երևանի պետական համալսարանի բոլոր այն դասախոսներին, ովքեր այսօրվա մեր շրջանավարտներին օժտել են այնպիսի հմտություններով, որոնք նրանց պետք է մրցունակ դարձնեն, որոնք նրանց պետք է օժտած լինեն շարունակաբար իրենց երազանքների հետևից քայլելու, և այնպիսի հմտություններով, որոնք յուրաքանչյուրին իր երազանքների հետևից գնալիս կօգնեն, որ ինքն իր հետևից տանի նաև այլ մարդկանց, ինքն իր հետևից տանի երկիրը, հայրենիքը, պետությունը»։ 

Եւ մեկը չկա, որ ասի՝ այսօրվա մեր շրջանավարտներին նախ եւ առաջ պետք է ցույց տալ օրենքի գերակայություն, օրենքին ծառայելու եւ օրինականությունը չխախտելու օրինակներ։ Նրանք իրենց երազանքների հետեւից կարող են քայլել, եթե իմանան, որ մի օր Իջեւանից Երեւան եկած մի իշխանիկ չի համարելու, որ 100-ամյա Պետական բուհն իր անձնական սեփականությունն է եւ ինքը կարող է որոշել, թե՝ ով կառավարի այն։ Չի ոչնչացնելու բուհի ըմբոստ ոգին, քրեական մեթոդներով ու շանտաժներով չի կոտրելու պորֆեսորադասախոսական անձնակազմի արժանապատվությունը եւ իր թիմակից մեկին չի կարգելու Մայր բուհի ղեկավար։ Եւ չի փորձելու իր կամակատար կադրերին բուհ խցկելու պրոցեսը ներկայացնել որպես բովանդակային բարեփոխում ու ապագային միտված քայլ։ Նաեւ չի փորձելու հուշամեդալներով ու պարգեւներով պառակտել բուհը՝ յուրայինների եւ օտարների, ինչպես անում էին իր կողմից այնքան «մերժված» նախկինները։

Ահա այսպիսի փարիսեցիություն եւ մուտացիաներ։

 

Սվետա Մարտիրոսյան

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/16bad5e3c208958c2c1879c52fd88eb1

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»