Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած բախումից հետո ՀՀ ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն։
Ծառայողական քննության արդյունքներին ծանոթանալու նպատակով ArmDaily.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։ Նա հայտնեց, որ ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է, հրապարակման ենթական տեղակավություն չունեն և արդյունքների մասին ավելի ուշ լրացուցիչ կտեղեկացնեն։
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, նրա գնահատմամբ՝ ծառայողական քննություն հասկացությունը պարզապես խաբկանք է։
«Ինչ ծառայողական քննության մասին կարող է խոսք գնալ, եթե մենք գործ ունենք տեսագրությամբ արձանագրված հանցագործության փաստերի հետ։ Ոչ թե պետք է ծառայողական քննություն իրականացնել, այլ անհրաժեշտ է նախաքննություն իրականացնել՝ քրեական գործ հարուցելու ձևով»– ընդգծեց Մելիքյանը։
Իրավապաշտպանի պնդմամբ՝ ոստիկանությունն այդ տերմին օգտագործում է միայն իրավիճակը լղոզելու, ինչ-որ բաներ քողարկելու, բայց միաժամանակ ցույց տալու համար, որ ինչ-որ քննություն է ընթանում, այն ինչ այդ քննությունն ինքին պատշաճ համարվել չի կարող։
«Կոնկրետ օրինակ կարող եմ բերել։ Իմ վստահորդներից մեկին, որը խայտառակ ծեծված վիճակում էր, ձեռքը կոտրված էր, աչքի շրջանում ոսկորի կոտրվածք ուներ, նույն օրը՝ հունիսի 3-ին ձերբակալում են։ Չնայած մեզ հաջողվում է ձերբակալության հետ զուգահեռ բժշկական օգնության հնարավորություն ունենալ, հաջորդ օրն էլ արդեն տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր։ Իսկ մյուս օրը ներկայացնում են կալանքի միջնորդություն, որը դատարանը մերժում է, քանի որ ակնհայտ էր, որ վստահորդս ոչ թե որևէ իրավախախտում կատարած անձ էր, այլ ոստիկանական դաժան ծեծի զոհ։ Դա տեսագրված է, ինչը շատ կարևոր է, մենք դա ուղղակի ներկայացնում ենք թե՛ դատարանին, և թե՛ միջնորդ ներկայացրած քննիչին։ Այդ ամենը քննիչի տրամադրության տակ է հայտնվում դեռ հունիսի 5-ին։ Միայն երեկ՝ հունիսի 14-ին ես ստանում եմ զանգ, և պարզվում է, որ հարուցվել է քրեական գործ, ու վստահորդս հրավիրում է դատաբժշկական փորձաքննություն անցնելու։ Այսինքն՝ միայն 9 օր հետո։ Դա, մեղմ ասած, խայտառակ ապօրինություն է։ Միջազգային բոլոր ստանդարտներով, նմանօրինակ դեպքերով, այն էլ նման պայմաններով, երբ ամեն ինչ ուղղակիորեն և բացահայտ տեսագրված է, այդ թվում՝ նաև մեխանիզմը, այսքան չի ձգձգվում գործընթացը։ Սա խոսում է այն մասին, որ այստեղ ավարտվում է պատշաճ քննության գաղափարը»- ամփոփեց Մելիքյանը։
Մելինե Պետրոսյան










