Թող իրենց հանգստացնեն պարգեւավճարներով ու սպասեն այն օրվան, երբ իրենց կհեռացնեն զավթած աթոռներից . Աննա Մկրտչյան (տեսանյութ)


Թող իրենց հանգստացնեն պարգեւավճարներով ու սպասեն այն օրվան, երբ իրենց կհեռացնեն զավթած աթոռներից . Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Հունիս 15 19:20 2022

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այսօր խորհրդարանում հանդիպել են Հայաստան ժամանած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ ու ներկայացրել բռնաճնշումերը փաստող աղաղակող դեպքերի մասին։

«Ես, տիկին Լիլիթ Գալստյանը, տիկին Թագուհի Թովմասյանը հանդիպել ենք նրանց եւ խոսել այն աղաղակող խնդիրների մասին, որ կան Հայաստանում՝ ժողովրդավարության հետընթաց, բռնաճնշումներ, ոստիկանական եւ իշխանական ամենաթողություն։ Իրենց ներկայացրել ենք նաեւ այն մարտահրավերները, որ սպառնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնց նկատմամբ անտարբեր են Հայաստանի իշխանությունները։ 
Իմ գործընկերները բազմիցս հնարավորություն ունեցել են ներկայացնել այն խնդիրները, որ կա Հայաստանում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ առաջին անգամ էին դեմ առ դեմ խոսում դրա մասին։

 

«Անկեղծ ասած, ապշած էր մեր ներկայացրած որոշ փաստերից, խնդրեց տեսագրությունները, որը մենք ուղարկել ենք»,- նշել է պատգամավորը՝ մանրամասնելով, որ փաստերը վերաբերել են ընդհուպ բերման ենթարկված քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությունների, ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնի, անհարգալից գործողությունների մասին։

Ա. Մկրտչյանի խոսքով՝ օտարերկրացի գործընկերները զարմացած են եղել ներկայացված փաստերի կապակցությամբ։

Առողջապահության նախարարը հայտարարել էր, որ դիմելու է ԱԺ-ին՝ էթիկային հանձնաժողովում քննարկելու ընդդիմադիր այն երեք պատգամավորների հարցը, որոնք այցելել էին իրեն, նրանց թվում եղել է նաեւ Աննա Մկրտչյանը։ Բացառված չէ, որ բարձրացվի նաեւ պատգամավորներին մանդատից զրկելու հարցը։ Արդյո՞ք սա ճնշում չէ խորհրդարանի վրա՝ հարցին ի պատասխան Ա. Մկրտչյանը հայտարարել է.

«Այդ իշխանազավթները երեք գործիքակազմ ունեն. Առաջինը դա ուսապարկերն են, երկրորդը՝ նախարարի հաստիքը զբաղեցնողները, մյուսը՝ ֆեյքային քրեաօլիգարխիկ ֆաբրիկաները։ Երբ որ այս մարդիկ ստանում են հրահանգներ, որ թիրախավորն պատգամավորներին, կլինեմ ես, թե մեկ ուրիշը, դա ուղիղ ցուցիչ է, որ մենք ուղիղ ճանապարհի վրա ենք։ Քաղաքացու կյանքն այնքան արժեք չունի, որ առողջապահության նախարարը, իր ասելով, գնացել է հիվանդանոց, տեսել ծեծված քաղաքացուն, ու հաջորդ օրը գալիս է Ազգային ժողով եւ ոստիկանին շնորհակալություն հայտնում ծեծված քաղաքացու համար։ Այս մարդկանցից էթիկալի դասեր ստանալն արդեն ֆանտազիայի ժանրից է»։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների դժգոհություններին, թե ինչու ընդդիմադիրները չեն գալիս Ազգային ժողով, իրենց հարցեր տան, քննադատեն՝ Ա. Մկրտչյանն արձագանքել է. «Ես իրենց համոզելու ոչինչ չունեմ, թող իրենք զբաղվեն ինքնախաբեությամբ, ասեն, որ Հայաստանում խնդիրներ չկան, Հայաստանում ամեն ինչ կայուն է։ Թող փորձեն պահել իրենց իշխանությունը եւ իրենց հանգստացնեն ամեն ամսվա վերջում պարգեւավճարներով ու սպասեն այն օրվան, երբ իրենց կհեռացնեն զավթած աթոռներից»։