Արցախ են այցելել օտարերկրացիներ, այդ թվում՝ թուրքեր, եղել են անգամ ամուսնություններ. ԱՀ ԱԱԾ


Արցախ են այցելել օտարերկրացիներ, այդ թվում՝ թուրքեր, եղել են անգամ ամուսնություններ. ԱՀ ԱԱԾ
Հունիս 15 18:15 2022

Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և ենթադրաբար Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ․ տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից։

«Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան՝ հայտնում ենք հետևյալը.

Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում՝ ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր:

Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել ԱՀ ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել ԱՀ իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։