Բնավ համաձայն չենք Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, տնտեսությունը տարվա սկզբին շատ առույգ էր․ Վահան Քերոբյան


Բնավ համաձայն չենք Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, տնտեսությունը տարվա սկզբին շատ առույգ էր․ Վահան Քերոբյան
Հունիս 15 18:00 2022

Հայաստանի տնտեսությունը տարվա սկզբին շատ առույգ էր, բանականաբար վերջին իրադարձությունները իրենց դրական, բայց և մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության մեջ։ Մենք բնավ համաձայն չենք ԿԲ-ի նախորդ՝ 1․5 % տնտեսական աճի կանխատեսման հետ, հիմա նույնպես տարակարծիք ենք։ Մենք ԿԲ-ի աշխատանքի վրա որևէ ազդեցություն չունենք, բայց տեսնում ենք, որ կա լայն դժգոհություն տնտեսական տարբեր սեկտորներից նման քաղաքականության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք սրա միջով մի անգամ անցել ենք 2004-2007 թվականներին, և դա ոչ մի լավ բանի չի բերել, մշակող արդյունաբերությունը, կարելի է ասել, ոչնչացել է այդ տարիներին: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ չկրկնվի այդ սցենարը:

Քննարկումների մեջ ենք, փորձում ենք գտնել լուծումներ, համոզել գործընկերներին, որ պետք է գտնել գնաճը կանխելու այլ գործիքակազմ, ոչ թե արհեստականորեն արժևորել դրամը»,-ասաց նախարարը:

 

Խոսելով արտահանման խնդիրների մասին՝ Քեոբյանը ասաց. «Մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները և նաև արտահանման ապրանքները: Այդ տեսանկյունից ռուսական ռուբլու հետ ավելի  մեծ կպվածությունը դրան ոչնչով չի օգնում: Դա չի նշանակում, որ մենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից չենք,  մենք այդտեղ տեսնում ենք մեծ հնարավորություններ: Բայց մենք նաեւ տեսնում ենք շատ մեծ հնարավորություններ դա անելու Չինաստանի, ԱՄՆ-ի, արաբական աշխարհի եւ բազմաթիվ այլ երկրների հետ»:

Նախարարը նշեց, որ մայիսին զբոսաշրջիկների քանակը եղել է 116 հազար, ինչը ըստ նախարարի քիչ է, քան 2019 թվականի ցուցանիշը։

«Բավական լավ տեմպերով զարգանում է ոլորտը: Ինչ վերաբերում է ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց մասին, որոնք նոր են տեղափոխվել, նրանք մի քանի տասնյակ հազար են: Նրանք արդեն էական փոփոխություններ են մտցրել մեր կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում մշակույթի, սպառման, ծառայությունների ոլորտներում»,- ասաց նա: