Պատմական գրագիտություն, գուցե նաև գրագետ արժանապատվություն չունեն


Պատմական գրագիտություն, գուցե նաև գրագետ արժանապատվություն չունեն
Հունիս 15 13:22 2022

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2.5 տարում, արդեն 7 տարի է՝ չեն ավարտվում: Ավելին՝ Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը հայտնում է, որ դեռ 2021 թվականի մարտի 21-ին պաշտոնական գրությամբ հրաժարվել են կառավարության հետ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի կառուցման, կահավորման եւ գործարկման անարդյունավետ բանակցություններից: 

 

Մաթեւոսյանը ֆեյսբուքյան էջում` դեռ մեկ տարի առաջ, գրել էր, որ կենտրոն-թանգարանը վերջնական տեսքի բերելու ու շահագործելու նպատակով պատրաստվում են դրամահավաք իրականացնել եւ այսուհետ դիմելու են բացառապես հանրությանը, այլ ոչ թե կառավարական կազմակերպություններին: Դիմելու են նաեւ գործարարներին` բոլոր նրանց, ովքեր մշակույթի, Հրանտ Մաթեւոսյանի արժեքն ու դերը հասկանում են. «Մեր կենտրոնը կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես` այդ ֆինանսավորմամբ»: 

 

Մենք Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվեցինք, թե հանգանակությունն ինչ ընթացքում է, որքան գումար է հավաքվել: Նա նշեց, որ ինչ-որ չափով գումար հավաքվել է, բայց մեծ դրամահավաքի համար հիմա իրավական խնդիրներն են կարգավորում, որպեսզի իրականացնեն: «Ահագին առաջ ենք գնացել: «Պոչի» վրա տեխնիկական հորանջ է առաջացել` հաղթահարել եմ փորձում: Ու քանի որ հեռու եմ` ԱՄՆ-ում է դրամահավաքը, ահագին դանդաղ է սողում առաջ գործը»,- նշում է Մաթեւոսյանը: 

 

Գրողի որդուց հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կարծիքի է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ։ ««Ռուսական, անգլիական, չինական դպրոց» ձեւակերպումն ինձ ոչինչ չի ասում, անհրաժեշտ է հասկանալ՝ դպրոցը կամ դպրոցներն ինչ ուսումնական ծրագրով են ձեւավորվում, ինչ մանկավարժներ ունեն եւ ինչ արդյունք են խոստանում: Մենք այսօր ունենք դպրոցական համակարգ՝ «երազային Բոլոնիայի» սիստեմով, որը թողարկում է տգետ շրջանավարտներ: Դրա անունը մենք դրել ենք հայկական դպրոցներ: Որեւէ կոնյունկտուրային, քաղաքական, տհաս-մակերեսային «դիվանագիտական» քայլ որեւէ տեղ, բացի մեզ դեպի «բանանային հանրապետություն» ամրագրելը, չի տանում: Անհրաժեշտ է ՌԴ-ի հետ հարաբերություններ կառուցել, որոնցում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե ՌԴ կառավարության «հաճախորդն» է, այլ գործընկերը` նվազ, կրտսեր, չգիտեմ` թույլ, բայց գործընկերը: Գործընկեր լինելու գիտակցումը մեր կառավարությունը չունի, որովհետեւ պատմական գրագիտություն չունի, գուցե նաեւ՝ գրագետ արժանապատվություն»,- խոսքը եզրափակում է Դավիթ Մաթեւոսյանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6f1dae3f8ad0a64c439bccba4ecf5de6

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»