Իշխան Սաղաթելյանն անկեղծորեն թվարկեց Դիմադրության շարժման բացթողումները (տեսանյութ)


Իշխան Սաղաթելյանն անկեղծորեն թվարկեց Դիմադրության շարժման բացթողումները (տեսանյութ)
Հունիս 14 21:40 2022

«Մենք կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը, և հասնել մեր վերջնական նպատակին»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակի հարթակից այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս հայտնեց, որ անհրաժեշտ է համարում շատ անկեղծորեն խոսել նաև շարժման բացթողումների մասին. «Առաջինը պետք է արձանագրել, որ Նիկոլին չընդունող և մերժող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան այս հրապարակ դուրս եկած հայրենակիցներն են։ Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոց դուրս բերել՝ դեպի այս պայքարի հրապարակ։ Սա շատ կարևոր խնդիր է և մեր բացթողումներից մեկը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

 

Այնուհետև գործիչը շարունակել է՝ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ սա պայքար է իշխանության կամ նախկինների վերադարձի համար.«Սա վկայում է, որ մենք չենք կարողացել մեր երկրին սպառնացող ամբողջական վտանգները հասցնել բոլոր քաղաքացիներին։ Իհարկե, պետք է նաև գիտակցենք, որ գործ ունենք պետական հսկա ռեսուրսի, օտարերկրյա ցանցերի քարոզչական մեքենաների հետ, որոնք անընդհատ խաբում և մոլորեցնում են մեր հայրենակիցներին, սակայն, միևնույն է՝ պետք է կարողանանք հաղթահարել այդ արգելքը, և մեր ժողովրդին բացատրել բոլոր այն վտանգները, որ կանգնած է յուրաքանչյուրիս առջև»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում