Խաչիկ գյուղի բնակչի անհետացման հետքերով


Խաչիկ գյուղի բնակչի անհետացման հետքերով
Հունիս 14 19:35 2022

 

168.am-ը ուշագրավ տեղեկություն է ստացել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղից՝ 60-ամյա բնակիչ Ա. Խ.-ն հունիսի 4-ին անհետացել է. որպես հավանական տարբերակ՝ աղբյուրը  նշում է հայ-ադրբեջանական սահմանին առևանգումը:

Ա. Խ.-ի ճակատագրի մասին մանրամասներ փորձեցինք ճշտել Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանից: Նա մեզ հետ զրույցում չցանկացավ փակագծեր բացել. «Որ խնդրեմ՝ դիմեք ոստիկանությանը, կլինի՞. իրենք ձեզ մանրամասն կասեն, որովհետև իրենք են զբաղվում»:


Ոստիկանության Եղեգնաձորի վարչությունից մեզ հայտնեցին, որ նման դեպք ունենք, բայց հանգամանքների համար կխնդրեն զանգահարել ավելի ուշ:

 

 

Մինչ մանրամասներ կճշտեինք Ոստիկանության Եղեգնաձորի վարչությունից, կապ հաստատեցինք ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի  բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը հստակեցրեց. «Ձեր ասած անձը հունիսի 12-ին հայտնաբերվել է, իր անհայտ կորելու և հայտնաբերվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին քննություն է ընթանում»:

 

Ավելի ուշ որոշ մանրամասներ հայտնի դարձան նաև մարզային վարչությունից:

 

«Բոխի հավաքելու է գնացել, հետո Նախիջևանի կողմն է անցել, ապա հետ է եկել»,- մանրամասնեց մեր աղբյուրը: