Մարտի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանի՝ հրազենային մահացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմնի կողմից առաջ քաշվող հիմնական վարկածը շարունակում է մնալ ինքնասպանությունը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին` ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Նույն օրը ՔԿ-ն հայտարարություն է տարածել՝ շրջանառության մեջ դնելով զինծառայողի ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, նշվել էր, որ նախնական տվյալներով 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
«Փաստինֆո»-ն ՔԿ հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, արդյոք դիակի զննությամբ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումից բացի հայտնաբերվել են այլ վնասվածքներ ևս, վարույթն իրականացնող մարմնի կողմից ինքնասպանության վարկածից բացի ի՞նչ վարկածներ են առաջ քաշվել՝ զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ, արդյո՞ք պարզվել է ինքնասպանության դիմելու դրդապատճառները, քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ կա, թե ոչ։
Այսպես, ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնից մեր հարցմանն ի պատասխան վերահաստատել են, որ Էդուարդ Ռուստամյանի՝ հրազենային մահացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում 17.03.22թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու համար։
«Նախաքննության ընթացքում իրականացվել և իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել են ՔԿ-ից՝ հայտնելով, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։ Ասել է թե՝ շուրջ 3 ամիս տեւած քննության ընթացքում այդպես էլ չեն կարողացել պարզել զինվորի մահվան պատճառները, բացահայտել իսկությունը։










