Հայաստանը կարող է Նախիջևանի հարցն օգտագործել ընդդեմ Ադրբեջանի՝ որպես օրինակ ու տարածքային պահանջ ներկայացնել. փորձագետ


Հայաստանը կարող է Նախիջևանի հարցն օգտագործել ընդդեմ Ադրբեջանի՝ որպես օրինակ ու տարածքային պահանջ ներկայացնել. փորձագետ
Հունիս 13 20:24 2022

Հայաստանը կարող է Նախիջևանի հարցն օրակարգ բերել ու այն օգտագործել որպես նախադեպային օրինակ՝ միջազգային հանրության համար՝ ցույց տալու, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանն ընդհանրապես չի կարող ապահովել արցախահայերի անվտանգությունը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:

 

Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն` Նախիջևանն անջատվել է Հայաստանից և որպես ինքնավար նահանգ հանձնվել Ադրբեջանի հովանավորությանը, ինչից երկու տարի անց՝ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հունիսի որոշմամբ, ինքնագլուխ վերանայվեց նշված միջազգային պայմանագիրը, փոփոխվեց Նախիջևանի կարգավիճակը, և այդ երկրամասը դուրս բերվեց Ադրբեջանի հովանավորության տակից և ընդգրկվեց Ադրբեջանի կազմում: Այդ որոշումը միջազգային իրավունքի այնպիսի կոպիտ խախտում էր, որ նույնիսկ Թուրքիայի կառավարությունը 1923թ. հուլիսին հանդես եկավ բողոքի նոտայով և Ադրբեջանի Կենտգործկոմի այդ որոշումը գնահատվեց որպես բռնազավթում: Այդուհանդերձ, Նախիջեւանը ցայսօր ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ ու բնակեցված է ադրբեջանցիներով։

 

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սկսվող դեմարկացիայի ու դելիմիտացիայի շրջանակներում՝ արդյոք հայկական կողմը չի կարող բարձրացնել նաեւ Նախիջեւանի հարցը՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան փորձագետը նշել է՝ Նախիջևանի հարցն օրակարգ բերելու համար նախ պետք է պետական մարտավարություն ունենալ՝ քարոզչական թեզերով հասարակությանը տրամադրել դրան, ներքաղաքական կյանքում այս հարցի վերաբերյալ քննարկումներ անել, հետո այս հարցը բարձրացնել ավելի բարձր մակարդակներում, օրինակ՝ միջազգային տարբեր կոնֆերանսներ և պատմական թեմատիկայով քննարկումներ կազմակերպել, միջազգային դեսպանությունների հրավիրել այդ քննարկումներին ու փորձել միջազգային հանրությանը ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա:

 

Գառնիկ Դավթյանի դիտարկմամբ՝ հայաստանյան քաղաքական կյանքում Նախիջևանը լուրջ ուսումնասիրության պետք է ենթարկվի, պետք է փորձել միջազգային լոբբիստական կազմակերպությունների միջոցով կամ կոնֆերանսների մասնակցելով՝ ինֆորմացիա տալ միջազգային հանրությանը, որ հայկական ինչ-ինչ արժեքներ վերացել են, կարելի է նաև հայց ներկայացնել, որպեսզի միջազգային տարբեր կազմակերպություններ ինչ-որ բանաձևեր ընդունվեն.

« Ադրբեջանն ինչպես արեց, 30 տարի նախապատրաստեց միջազգային հանրությանը, որ ինքը ճիշտ է ու պետք է ուժ կիրառել, հետո մեզ մոտ քաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ իր խոսքերը լեգիտիմացվեցին, մենք պետք է նման օրակարգ ստեղծենք, միջազգային հանրությանը համոզենք, որ ճիշտ ենք ու մեր գործողությունները պայմանավորենք այդ ժամանակվա գեոպոլիտիկ իրավիճակով »,-հավելեց Դավթյանը:Եթե Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ ղեկավար մի օր հայտարարի, որ հետ է բերելու Նախիջևանը, դա պարզապես կլինի հայտարարություն, իսկ եթե ռեալ նպատակ ունես Նախիջևանի խնդիրն օրակարգ բերես, ապա դա պետք է աստիճանաբար անել, նախ համապատասխան իրավիճակ ստեղծել, հետո այն «արտահանել» միջազգային հանրության մոտ, հետո փորձես միջազգային հանրությանը համոզել՝ ինչո՞ւ է այդ հարցը հիմա արդիական ու աստիճանաբար դա բերել օրակարգ ու թեկուզ որպես հարվածի մեխանիզմ ներկայացնել, որ Ադրբեջանն ընդհանրապես չի կարող ապահովել արցախահայերի անվտանգությունը, քանի որ ունենք Նախիջևանի նախադեպը»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

 

Փորձագետի արձանագրմամբ՝ Նախիջևանի հարցն օրակարգ բերելու երկու եղանակ կա՝ տարածքային պահանջ ներկայացնել ու միջազգային հանրության մոտ ընկալումների փոփոխություն իրականացնեու համար՝ որպես օրինակ բերել Նախիջևանը ու այսպիսով թույլ չտալ, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմ:

 

Զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծում է ՝ առնվազն առաջիկա 5 տարում մենք Ադրբեջանից տարածքային պահանջներ ունենալ չենք կարող, քանի որ բանակ պետք է վերակառուցենք, սահմանները պետք է ամրացնել, միջազգային հանրության մոտ վստահություն ձեռք բերել և այլն, իսկ 5 տարի անց, երբ այս խնդիրները լուծվեն, նոր կարել է Ադրբեջանի դեմ այլ ճակատ բացել:

 

Իսկ թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն Ադրբեջանը պարբերաբար տարածքային նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, խոսում անկլավների վերադարձի մասին, փորձագետն արձագանքեց.

 

«Գիտե՞ք ինչու է Ադրբեջանը տարածքային պահանջներ բարձրացնում, որովհետև մեր տգետ պատգամավորներն առաջինն իրենք են խոսում անկլավների հայկական չլինելու, հայկական որոշ հողեր իբրև Ադրբեջանից վերցրած լինելու մասին, իրենք են այդ հողը նախապատրաստում, որ Ադրբեջանը ավելի մեծ թափով պահանջատիրական քայլեր անի,։ Մեր պատգամավորները սկսեցին առաջինը անկլավներից խոսել, մինչ այդ դրա մասին խոսք չկար, միգուցե դա Ալիև-Փաշինյան ներքին պայմանավորվածություն է եղել, որ հայաստանյան օրակարգ նման հարց բերեն, այն ժամանակ գուցե ծածուկ Ադրբեջանի օրակարգում եղել է հարցը, բայց դա ակտուալ չի եղել, մեր պատգամավորների կողմից են նման տգետ հայտարարություններ արվել ու դրա համար ենք նման խնդիրների առջև հիմա կանգնած»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո