Ո՞ւմ համար ենք վերանորոգում դպրոցները, եթե ուսուցիչներ չեն լինելու. վիճակը շատ լուրջ է. ոլորտի փորձագետ


Ո՞ւմ համար ենք վերանորոգում դպրոցները, եթե ուսուցիչներ չեն լինելու. վիճակը շատ լուրջ է. ոլորտի փորձագետ
Հունիս 13 18:30 2022

Հայաստանում ուսուցիչների 12 տոկոսը  65 տարեկանից բարձր տարիքի են։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, մամուլիա ասուլիսի ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

 

Նրա խոսքով, 5 տարի առաջ մոտավորապես 1700 ուսուցիչ էր 65 տարեկանից բարձր տարիքի, հիմա այդ ուսուցիչների թիվը 3500-ից անցել է. «Շատերը խնդրում են իրենց թոշակի ուղարկել, սակայն տնօրենները չեն կարողանում, որովհետև փոխարինող չկա։ Դրա փոխարեն  նաև մոտ 3 անգամ նվազել է մինչեւ 25 տարեկան ուսուցիչների թիվը: Սա շատ լուրջ խնդիր է:

Նախկինում մենք ունեցել ենք մոտ 900 քիմիայի ուսուցիչ, մեկ տարում այդ թիվը մոտ 70-ով պակասել է: Այսինքն եթե այսպես 10 տարի շարունակվի, մենք քիմիայի ուսուցիչ Երեւանում էլ չենք ունենալու: Սա ողբերգություն ու աղետ է:

 

Մենք հպարտանում ենք, որ դպրոցներ ենք վերանորոգում, ո՞ւմ համար ենք վերանորոգում, եթե ուսուցիչներ չեն լինելու: Մենք պետք է ավելի ուշադրություն դարձնենք աշխատուժին, քան շենքերին: Եթե այս ցուցանիշներով գնանք, չի բացառվում, որ առաջիկայում ԿԳՄՍՆ-ն շատ առարկների դասավանդումը կազմակերպել հեռավար, այսինքն Երեւանում կամ Գյումրիում նստած ուսուցիչը դաս վարի գյուղի դպրոցի համար»,-ասաց փորձագետը:

 

«Ինչ վերաբերում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ապա այդ հարցը բավական նեղ և մանիպուլյատիվ ձևով է ներկայացվում։ Մի շարք պատգամավորներ գրել են, թե ուսուցիչները 400 000 դրամ աշխատավարձ կարող են ստանալ, սակայն դրա համար ուսուցիչը պետք է առավելագույն գնահատական ստանա և չորրորդ տարակարգ ունենա։ Որքան ես եմ տեղյակ, ՀՀ-ում դեռ չորրորդ տարակարգ ստացողներ չեն եղել»,- ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ ստացվում է` կամավոր ձևով է բարձրացվում ուսուցիչների աշխատավարձը, ուստի պետք է ներքին շեմն էլ բարձրանա։ Մասնագետը նկատեց` մյուս ոլորտներում այդպես չէ` որևէ մեկը բժիշկներին կամ ոստիկաններին չի ասում, թե դու քննություն կհանձնես ու նոր միայն բարձր կվարձրատրվես։

 

Բացի այդ, ըստ Խաչատրյանի, շատ հեշտ կլինի ատեստացիա անցնել կրկնուսույցների և ավագ դպրոցի ուսուցիչների համար, իսկ հիմնական դպրոցների ուսուցիչները մոռացել են ավագ դպրոցում անցնող ծրագրից շատ բաներ։ Ուստի, գյուղական դպրոցներում շատ քչերը բարձր կվարձատրվեն, ինչը կբերի դպրոցների բևեռացման։

 

Խաչատրյանը հավելեց` պետք է մասնավոր սեկտորի հետ երկխոսություն սկսել, և որոշ ուսուցիչներ պիտի ինքնազոհաբերվեն հանուն երեխաների, այսինքն` մասնավոր սեկտորից ոմանք պետք է նաև որոշակի ժամով դպրոց մտնեն։

 

Կրթության ոլորտի փորձագետը կարծում է, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կտրուկ բարձրացվի։