Ժամանակին բազմաթիվ նիկոլապաշտների թիվ մեկ արդարացում-բացատրությունը, թե ինչու իրենք մերժելով Սերժին, իշխանության բերեցին Փաշինյան երևույթին, մեկին, որը մղոններով հեռու պիտի մնար պետությունից, քանի որ պետականաքանդությունը, ընդհանրապես, քանդարարությունը նրա բուն էությունն էր, հետևյալն էր՝ «նա մեզնից մեկն է»։
Դեռ 2018-19-ին նիկոլ իշխանության բերած ժողովրդի մեծ մասի կարծիքով՝ նա մարդ է, որն իրենցից յուրաքանչյուրի նման է, հասարակ է, իրենց մարդն է։ Այսպես էին մտածում մարդիկ, որոնք 2018-ին կուլ էին գնացել փաշինյանական պոպուլիզմին, ովքեր հայիլ-մայիլ եղած լսում և արդարացնում էին նրա հակաօրինական տեքստերը, խոստումներն ու քայլերը, որոնք հետագայում օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող որոշումներ դարձան՝ կրակուպատիժ դառնալով մի ողջ պետության և ազգի համար։ Այդ թվում նաև՝ նրանով հիացողների․․․
Հարցս հռետորական չէ, քանի որ մեր 4 տարվա կյանքն՝ իր համատարած մինուսներով ինքնին արդեն պատասխան է՝ հիմա՞ էլ այդ մարդիկ կարծում են, որ նիկոլն իրենցից մեկն է։
Ասենք, նրանք, այդպես մտածողները ներե՞լ են վարչապետի աթոռն զբաղեցրածի քառամյա ավերածությունները մեր երկրում, ով եկավ սիրո և համերաշխության խոսքով, սակայն սևի ու սպիտակի բաժանելով մարդկանց՝ ատելություն սփռեց ամենուր՝ ընդհուպ հարազատ ու եղբայր միմյանց հետ թշնամացնելով, ով եկավ ցուցադրական- քայլելով, հեծանիվով՝ ընդդեմ իր ասած՝ «պադավատապետության», սակայն այսօր իր իշխանության մի պաշտոնյայի՝ «պադավատ»- զրահապատ Մերսեդեսը 90 միլիոն դրամանոց է և կամ՝ երկու միլիոն դոլար արժե կառավարության ամառանոցի կրկնանորոգումը, զուտ նրա համար, որ նախկին նորոգածի մեջ սույնը չի կամենում ապրել։ Էլ չենք խոսում վարչապետի աթոռից կառչածին ուղեկցող անձնակազմերի և ավտոմեքենաների մասին, որոնք մի քանի գյուղի տարածք են զբաղեցնում։
Մրցույթների թափանցիկությունից ճամարտակող զանազան հ/կ-ները հիմա ինչու՞ են լուռ, այսօրվա իշխանություններին ներու՞մ են նրանց հանցանքներն ու ապօրինությունները կոծկու՞մ են, ինչու՞ են պապանձվել։ Չէ՞ որ ասֆալտը հիմա ավելի շուտ է փչանում, քան՝ առաջ, թեպետ նիկոլական իշխանության արած գործը հենց միայն ասֆալտ փռելն է, որն իրենք անգիտաբար «ճանապարհ նորոգել» են անվանում։ Ընդ որում, ասֆալտ փռելն էլ բացառապես իրենց ԽԾԲ-ին է վերապահված։
Բայց այս ամենը խաղաղ ժամանակի ներումների դաշտում են։
Իսկ պատերա՞զմը՝ 44 օրյա բազում հարցականներով լի, հաղթում-հաղթում ենք, բայց․․․ մեկ էլ՝ պարտվեցինք՝ հազարավոր զոհերով, Արցախ հայրենիքի, Շուշիի 75 տոկոսի կորստով։ Ըստ էության, սա էլ է ներել Փաշինյանին՝ նրան իշխանության բերած ժողովուրդը։
Կասկածելի հանձնարարություններով, բունկերներում կասկածելի անձանց ներկայությամբ ու նշանային կապերով, դավաճանական, թրքամոլական, ազգակործան պատերազմը ներե՞լ են փաշինյանասերները, ընդհուպ՝ սորոսական՝ նրան։ Եթե պատերազմից հետո անգամ ներել են, ինչու՞ են ներել։ Չէ՞ որ ո՛չ Սերժը, ո՛չ էլ Ռոբերտը նման ազգակործան քայլեր չեն արել, ավելին, նրանց իշխանության տարիներին ՀՀ-ն տարածք չի զիջել ադրբեջանին՝ բացառությամբ՝ քառօրյայի 400 հեկտարը, որն ուղղակի այդ պահին հետ չբերվեց, որ նոր զոհեր չլինեին։ Իսկ զոհերի թիվը 4 օրում 75 էր, որոնց ժամանակի իշխանությունը անուն առ անուն գիտեր։
Ի դեպ, նույն նիկոլապաշտների մեջ էին հատկապես 44-օրյայի՝ հերոսաբար զոհվածների շատ հարազատները, շարունակաբար հավատացող և երիցս խաբված՝ գերիների, անհետ կորածների հարազատները․․․Հիմա նրանց հիմնական մասն ամեն բան հասկացել է, բայց նրանցից ոմանք դեռ լուռ են իրենց ցավի մեջ տապակվում, քանի որ չեն կամենում հաշտվել դաժան իրականության հետ, որի մեջ իրենք էլ իրենց մեղքն ունեն։
Ի վերջո, սեղաններին ճոռոմ կենացներ ասող՝ Ծովից Ծով Հայաստան հիշողներն այդ ո՞նց ներեցին ու պատերազմից հետո իշխանության բերեցին երկիրը կտոր-կտոր թուրքին հանձնողին, նրան, որ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելուց հետո «արագի մեջ» Սյունիքում իր սև գործն սկսեց։ Որը շարունակվում է մինչև այսօր։ ՈՒ ներվում է։ Դրա համար էլ Հայրենիքից, հայրենիքի հողից ու ջրից, հայկական տեղանուններից բացարձակ անտեղյակ սույն ոչինչը այսօր որոշում է մեր պետության ճակատագիրը։
Գոնե հիմա հասկացե՞լ են նիկոլասերները, որ իրենց մարդը համարելով՝ կռապաշտորեն իրենց կուռքի երկրորդ գալուստն էլ ընտրությամբ հաստատեցին։ Ընտրություն, որն, ըստ էության, չընտրություն էր, սակայն չգիտես ինչու՝ վարչական ռեսուրսի չարաշահումը այս օրերի քաղհասարակության աչքին ժողովրդավարություն է երևում, ինչպես այս օրերին դահլիճային ժողովրդավարության մասնակից եվրոպական և ամերիկյան դեսպաններն են ճամարտակում և աչք փակում, սուրճի ընդմիջմանն էլ՝ իրենց դրամաշնորհով՝ թավշյա բռնապետիկի վրեժի ծարավից բուծված ոստիկանական ջոկատների ահաբեկչությունն ու վանդալիզմը ներում, սիրահոժա՜ր ներում․․․ Միաժամանակ, աչք փակում, չլսելու տալիս Ֆրանսիայի հրապարակից իրենց հասնող, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»՝ պատին զարկվող ահազանգերը։
Ինչ խոսք, դրանք երբեք չես համեմատի 2018-ից առաջվա իշխանությունների հասցեին՝ բոլոր ուղղություններով գնացող՝ փաշինյանական բողոքի ստահոդ նամակների, ԱԺ ամբիոնը գրկած թիվ 1 ընդդիմադիրի ուռճացված, պոպուլիստական ելույթների, լուն՝ ուղտ դարձրած դանոսների հետ և ամենօրյա ռեժիմով սեփական պետության վրա տղա բերող, ընդհուպ՝ վարչապետի պաշտոնում պետությունից եվրոպական դատարանում փող քամելու աստիճան․․․
Այն երևույթները, որոնք քննադատել է և այն, ինչում մեղադրել է այլոց, այսօր փաշինյանն ինքն է անում երկրի ներսում․․․ Զարմանալով զարմանում ես, թե ո՞նց կարող է ներել ժողովուրդը օրեր առաջ, ասես՝ վայրագների արշավանքի ելած՝ շքախմբով Պռոշյան-Պարոնյան հատվածում հղի կնոջը, մի քանի օրից մայր դարձող կնոջը սպանած փաշինյանի մեղքն ու հանցանքը։
Ո՞վ է ասել, ո՞վ հորինել, թե ինչ-որ բարձրաստիճանի շքախումբը կարող էր չկանգնել ու փողոցն օրենքով սահմանված կարգով անցնող մարդուն այնպես հարվածել, որ օդ թռնի և սիրտը կանգնի միանգամից և մոր, և դեռ չծնված երեխայի․․․
Ինչու՞, ու՞ր էր շտապում այդ անմարդկայինը, չմարդը, այդ թունավոր ատելության ու վրեժի ձուլվածքը, որ երկու լուսավոր էություն դաժանորեն սպանելուց հետո սառնասրտորեն ու հանգիստ շարունակեց իր անիծված ճանապարհը՝ ուսապարկերի հետ հանդիպման էր շտապում։
Իրեն ղեկավար, ուստի՝ արտոնյալ կարծելով սեփական անձը՝ սույնը կարող է ոտնատակ տալով անցնել մարդկային կյանքերի վրայով։ 5000 զոհի մասին պլյուս-մինուսով խոսողը, որ անձամբ է ասել՝ էս ամեն ինչը էլի լինելու էր, միայն՝ առանց զոհերի՝ երկու խորհրդանշական զոհի մասի՞ն պիտի մտածեր․․․
Ներվե՞ց այս ոճիրն էլ՝ կռապաշտների նիկոլ-վարչապետին, որին համարում էին «իրենց մարդն ու նմանը», սակայն կռապաշտորեն արտոնյալ դարձրին նրան։
Ներվե՞ց, ինչու՞․․․
Աղբյուր` Փաստինֆո










