Հաղթանակ թաղամասում հրդեհը պարբերաբար կրկնվում է. փրկարարները ավելի քան երեք օր պայքարում են դրա դեմ


Հաղթանակ թաղամասում հրդեհը պարբերաբար կրկնվում է. փրկարարները ավելի քան երեք օր պայքարում են դրա դեմ
Հուլիս 17 11:11 2017

«911» ծառայություն հուլիսի 13-ից ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել հատուկ տեխնիկա, սակայն աղբավայրում ընթացող քիմիական պրոցեսների հետևանքով հրդեհը պարբերաբար կրկնվում էր:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարական ջոկատներն ուժեղացվեցին: Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 9 մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայրում է գտնվում փ/ծ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները: