«Ադրբեջանը շարունակում է տե ռորի ենթարկել, սա իրենց խաղшղшսեր, կառուցողшկան Ալիևն է». Մետաքսե Հակոբյան


«Ադրբեջանը շարունակում է տե ռորի ենթարկել, սա իրենց խաղшղшսեր, կառուցողшկան Ալիևն է». Մետաքսե Հակոբյան
Մայիս 28 18:43 2022

 

«Արցախում տրամադրությունը չեմ ասի՝ տոնական է, որովհետև չգիտեմ՝ երբ կունենանք տոնական տրամադրություն, բայց արթնացման զգացում կա բոլորի մոտ: Սա առիթ է, որ ցույց տանք, որ Արցախում որևէ մեկը քնած չէր, որովհետև արցախցիները երկար էին սպասում իրենց ուղերձը հղելու բոլորին՝ թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Արցախի իշխանություններին, թե՛ Հայաստանի իշխանություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Այսօր՝ մայիսի 28-ին, Երևանում և Ստեփանակերտում միաժամանակ տեղի  ունեցան «Դիմադրության» շարժման հանրահավաքները:

 

 

«Այս օրը խորհրդանշական է, և հենց այս օրը նման միջոցառում անելը, միանալը մեր պայքարող հայրենակիցներին, անասելի զգացողություն է առաջացնում: Մեծ ոգևորություն կա, որովհետև յուրաքանչյուրը հավատում է, որ իր մասնակցելով՝ ազդեցություն է ունենալու և սկիզբ է դնելու մեր միասնության, պայքարի և, ի վերջո, հաղթանակը կերտելու ենք միասին: Ինչպես «Դիմադրություն» շարժման օրակարգում է՝ ի սկզբանե պետք է ազատվել գործող իշխանություններից, որպեսզի կարողանանք երկու հայկական պետությունները փրկել»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորը վստահ է՝ բացի այն, որ Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրն է, սա պատմական օր է նաև այլ իմաստով. «Այս օրվա մասին պատմության մեջ գրվելու է նաև այն իմաստով, որ միասնական շարժման հիմքը դրվեց, ինչը անպայման պետք է հաջողության հասնի»:

 

Անդրադառնալով Հայաստանի հարավարևելյան հատվածում թշնամու գործողություններին, որոնց արդյունքում հայկական կողմն ունի ծանր վիրավոր, Մետաքսե Հակոբյանը նշեց. «Գործող իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքն է, որ մենք շարունակում ենք պատերազմական իրավիճակում մնալ: Հայաստանի ղեկավարը, երբ գնում է իբր բանակցության (մենք լավ գիտենք, որ դա բանակցություն չէ, նա գնում է՝ լսելու, թե տերերն ինչ են ասում իրեն), հետո գալիս է, այստեղ ինչ-որ ոգևորված ազդակներ է հղում, դիվանագիտական հաղթանակներից է խոսում, հետո հնչում են Ադրբեջանի կողմից նույն հայտարարությունները, արդյունքում նման միջադեպեր են գրանցվում: Այսինքն՝ ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի իշխանություններինն է: Սա է «խաղաղության դարաշրջանը», որովհետև իրենք գնում են այնտեղ, Աստված գիտի՝ ինչ են պայմանավորվում, գալիս են, ասում են՝ վերջ, օրակարգի սկիզբը դրված է, շուտով խաղաղություն է տիրելու հայոց աշխարհում, մեկ էլ շատ կարճ ժամանակ հետո պարզվում է, որ որևէ դրական ազդակ չունեն, հակառակը՝ Ադրբեջանը շարունակում է տեռորի ենթարկել և իրենց էլ ճնշած պահել՝ մինչև կկատարեն այն բոլոր պահանջները, որոնք նրանց առջև դրված են: Սա իրենց խաղաղասեր, կառուցողական Ալիևն է: Այնպես որ, Աստված մի արասցե, որ իրենք երկար մնան, որովհետև այդ դեպքում մենք մշտապես նման միջադեպեր ենք ունենալու, ամեն մայրամուտը դիմավորելու ենք վախի զգացումով, լուսաբացը՝ անհանգստությամբ, չենք կարողանալու ապրել, քանի դեռ իրենք են իշխանության»: