Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական պարտքն է. Ծառուկյան


Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական պարտքն է. Ծառուկյան
Մայիս 28 11:43 2022

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրեպատության տոնի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ.

Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ համայն աշխարհի մեր հայրենակիցներին: 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը, սակայն այսօր մեկ դար անց մենք կրկին պայքարում ենք հայրենիքի սահմանների անվտանգությունն ու մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար: Ցավոք, 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից շուրջ 2 տարի անց դեռևս վտանգված է մեր հայրենիքի սահմանների անառիկությունը, թշնամին շարունակաբար ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

 
 

 

20-րդ դարասկզբի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում հայ ժողովուրդը ձերբազատվեց ֆիզիկական գոյության սպառնալիքից, սակայն հարյուր տարի անց մեր հերոս տղաները նորից դեմ առ դեմ կանգնած են թշնամու առաջ և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական պարտքն է:

Վերստին շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության 104-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում խաղաղություն և անսասան հավատ հայ ժողովրդի, Հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…» , - նշված է ուղերձում։