Չեմ բացառում, որ տիեզերք թռածը ոչ թե հայկական արբանյակ է, այլ որևէ արբանյակի մեջ ՀՀ֊ի համար նախատեսված ծառայություն. դիտարկում


Չեմ բացառում, որ տիեզերք թռածը ոչ թե հայկական արբանյակ է, այլ որևէ արբանյակի մեջ ՀՀ֊ի համար նախատեսված ծառայություն. դիտարկում
Մայիս 26 14:58 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։
Եթե սա իրականություն է, ապա փաստորեն իրականություն է դառնում իմ 12 տարվա պայքարը։ Դա հրաշալի և պատմական իրադարձություն կլինի Հայաստանի համար։ Բայց թույլ տվեք դեռևս կասկածով վերաբերվել այս լուրի իսկությանը մի քանի պատճառով։
Նախ'
1. Ներքաղաքական ճգնաժամերի ժամանակ առաջին դեմքերն անում են սենսացիոն հայտարարություններ, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն։ 2003-ին այդպիսի փորձ արեց Սերժ Սարգսյանը, երբ հետընտրական շրջանում հայտարարեց, թե իրենք գտել են ՁԻԱՀ-ը բուժող "Արմենիկում" դեղը։
2. Արբանյակ ստեղծելը տևում է առնվազն մեկ տարի։ Եթե Նիկոլ Փաշինյանի ասածը ճիշտ է, ապա հայկական արբանյակը պետք է սկսեին ստեղծել 2021-ի գարնանից, այսինքն պատերազմից անմիջապես հետո, ինչը անհավատալի է այն ժամանակվա քաոսային իրավիճակի պայմաններում։
3. Սեփական մեկ արբանյակի ստեղծումը արժենում է 100-200 մլն դոլար։ Հետպատերազմյան Հայաստանը, որը հայտարարում է, թե փող չունի նորագույն կամ գոնե անհրաժեշտ հին զենք գնելու համար, որտեղի՞ց է հայթայթել ասենք 100 մլն դոլարը։
4. Ի վերջո, եթե մեկ տարի կամ թեկուզ 10 ամիս արբանյակ էր ստեղծվում Հայաստանի համար, ապա պոպուլիստ ու գլուխգովան կառավարությունը' թիվ մեկ պոպուլիստ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն հազար անգամ աղաղակել էր այդ մասին։
5. Չեմ բացառում, որ շաբաթներ անց կպարզվի, որ տիեզերք թռածը ոչ թե հայկական արբանյակ է, այլ որևէ արբանյակի մեջ Հայաստանի համար նախատեսված ծառայություն։
6. Եթե ամեն դեպքում հայկական արբանյակի լուրը ճիշտ է, չի բացառվում, որ այն ոչ թե գնված է, այլ վարձակալված, որը մեզ չի պատկանում, և դրա վարձը շատ ավելի քիչ է, քան գնման դեպքում։
Բոլոր դեպքերում երևի ամենաշատը ես եմ ուզում, որ մենք իրոք ունենանք հայկական արբանյակ, ինչը մեզ կապահովի ինչպես տեղեկատվական, այնպես էլ ռազմական անվտանգային պաշտպանություն։ 2011-ից հենց դրա համար եմ պայքար մղում։
փորձագետ, լրագրող