Այսօր Դիմադրության շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ է իրականացրել Երևանում, մասնավորապես՝ երկար ժամանակով շրջափակել է արտգործնախարարության և հարակից նախարարությունների շենքերի մուտքերը։ Խաղաղ անհնազանդության ընթացքում ընդդիմադիր պատգամավորները մուտք են գործել ԱԳՆ շենք՝ զրուցելու աշխատակիցների հետ։ Մինչ ընդդիմադիր պատգամավորները ԱԳՆ շենքում էին՝ կարմիր բերետավորների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց։ Ընդդիմադիր պատգամավորները ստիպված էին դուրս գալ շենքից՝ իրավիճակը վերահսկելու համար։ Թե որն էր մեծաթիվ ցուցարարներին հրմշտելու նպատակը, ինչ խնդիր էր փորձում դրանով լուծել կարմիր բերետավորների ջոկատը, այդպես էլ անհասկանալի մնաց։
AntiFake.am–ի տեսախցիկը ԱԳՆ շենքի մոտ ֆիքսել էր նաև, թե ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հայտնվում փակված մուտքերից մեկի մոտ՝ ոստիկանների հետևում, որից հետո ոստիկանները սկսում են հրմշտել ցուցարարներին։
Այդ իրադարձությունից հետո տեղի է ունեցել արդեն ավելի քան 15 րոպե տևած խիստ լարված հրմշտոցը կարմիր բերետավորների և ցուցարարների միջև։
Եվ ահա AntiFake.am–ին հայտնի դարձավ, որ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հայտնվելը ԱԳՆ մուտքի մոտ պատահական չի եղել։ Ականատեսները մեզ պատմեցին, որ ՊՊԾ պետը ցուցարարների պատը ճեղքելու համար այսպես ասած օպերացիա էր մշակել։ Նա փակված մուտքերից մեկի մոտ ոստիկաններին հրահանգել է հրմշտոց կազմակերպել, որպեսզի մյուս հատվածից կարմիր բերետավորները ճեղքեն ցուցարարների շարքերը և անցնեն շենքի մյուս կողմը։ Ոստիկաններին, այդ թվում՝ կարմիր բերետավորներին, չի հաջողվել ի կատար ածել սադրանքը՝ ցուցարարների մեծ թվի պատճառով։
Իր պլանի ձախողումից հետո ՊՊԾ պետը գնացել է կարմիր բերետավորների շարքեր և տեղում սկսել է հրահանգներ տալ նրանց։ Լուսանկարները՝ ստորև․
.png)
Ավելի քան 15 րոպե տևած քաշքշուկն այդպես էլ արդյունք չի տվել և կարմիր բերետավորները չեն կարողացել ճեղքել մեծաթիվ ու կազմակերպված ցուցարարների շարքերը։
Նկարագրվածը ՊՊԾ պետի կողմից ձախողված օպերացիայի մասին էր։ Նկատենք, սակայն, որ այս պատմության մեջ առկա է նաև իրավական բաղադրիչ։ Պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանում է, իսկ կարմիր բերետավորների ստորաբաժանումը, որը նույն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանումն է, ինչպես պարզ է դառնում անվանումից, Ոստիկանության ստորաբաժանում է, որի ծառայողներին ՊՊԾ պետը հրահանգներ տալու իրավասություն չունի։ Ստացվում է, որ բացի ԱԳՆ շենքի «ապաշրջափակման օպերացիան» ձախողելը, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը նաև վերազանցել է իր լիազորությունները։
Աղբյուր՝ AntiFake.am










