Բերման է ենթարկվել ՀՀ Ազգային հերոս Գրիգորի Խաչատուրովը. նոր մանրամասներ


Բերման է ենթարկվել ՀՀ Ազգային հերոս Գրիգորի Խաչատուրովը. նոր մանրամասներ
Մայիս 17 14:15 2022

Անհնազանդության ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել նաև ՀՀ Ազգային հերոս Գրիգորի Խաչատուրովը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ, Քարվաճառի շրջանի Չարեքթարի բնակիչ Աշոտ Սևյանը։

Նա նշեց, որ իրենց բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանական բաժանմունք։Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում է գտնվում նաև Գրիգորի Խաչատուրովը։ «Բերետավորները բերման ենթարկելիս իրենց լկտի ու սանձարձակ են պահում, ինչը չեմ կարող ասել Արաբկիրի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցների մասին։ Մեզ դիմավորեցին քաղաքավարի, արեցին անհրաժեշտ գրանցումները։ Խաչատուրովը մի ժամ ավել կմնա, բայց իրեն էլ բաց կթողնեն»,-ասաց Սևյանը։ Արցախյան պատերազմների մասնակիցը շեշտեց՝ հսկայական ավտոբուսներ էին բերվել և կարմիր բերետավորները փորձում էին ցուցարարներին տեղավորել դրանց մեջ ու տանել բաժիններ։

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Լևոն Քոչարյանը ամենայն հավանականությամբ պետք է լինի Էրեբունու ոստիկանական բաժանմունքում, սակայն այդ մասին հստակ տեղեկություն չունի։ «Գրեթե բոլոր ավտոբուսները երկրորդ կամ երրորդ կանգառից են մարդ իջեցրել, որովհետև որտեղ որ տանում էին՝ տեղ չկար։ Օրինակ՝ բռնում են Կենտրոն համայնքից տանում են դեպի Կենտրոնի ոստիկանություն, պարզվում է տեղ չկա։Տեղափոխում են մեկ այլ ոստիկանություն՝ այնտեղ էլ տեղ չի լինում, տեղափոխում են երրորդը, չորրորդը, բազմաթիվ նման դեպքեր են եղել»,-ասաց Մելիքյանը։