Ասել են՝ քաղաքապետը Նիկոլին չի դիմավորել, դրա համար պիտի նստի. հիմա էլ չենք դիմավորելու. Երթ՝ Իջևան–Երևան ճանապարհին


Ասել են՝ քաղաքապետը Նիկոլին չի դիմավորել, դրա համար պիտի նստի. հիմա էլ չենք դիմավորելու. Երթ՝ Իջևան–Երևան ճանապարհին
Մայիս 5 15:17 2022

 



Քաղաքացիները փակել են Իջեւան-Երեւան ճանապարհը: Նրանց ձեռքին Հայաստանի ու Արցախի դրոշներ են: Այստեղ է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ով ծնունդով Տավուշի մարզից է: Նրանք պահանջում են ազատ արձակել Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին:

Բերդ համայնքի ղեկավար, ներկայումս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի որդին լրագրողներին ասաց. «6 ամիս է հորս անօրինական պահում են անազատության մեջ: Իրենց պահանջն է, որ դիմում գրի, հեռանա, բայց դիմում չի գրում: Մարզպետի, մարզպետի եղբոր կողմից պահանջներ են եղել: Ասել են՝ Նիկոլին չի դիմավորել, դրա համար քաղաքապետը պիտի նստի: Նիկոլը հիմա էլ գա, մենք հիմա էլ չենք դիմավորելու, որովհետեւ ինքը մեր հողերը տվել է թուրքին»;

Այդ պահին ոստիկանները մոտեցան ու նրան բռնությամբ տարան: Սակայն քիչ անց ազատ արձակեցին:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Հերիք է, ինչքան տվել ենք հերիք է, մի թիզ հող էլ չենք տալու: Թող իրենք պատասխան տան: Իմ երեխեն գնացել է զոհվել: Թող պատասխան տան, ինչի են ուղարկել Հադրութ, եթե ամսի 9-ին արդեն Հադրութը տված է եղել: Ինչի եք տարել ու 72 հոգու վարի տվել: Մեկը ես չեմ ուզում, որ Նիկոլը լինի ղեկավար, ու իմ նման 5 հազար ծնող»:

Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները երթ սկսեցին, բայց փողոցն արդեն փակ չէր. «Գնում ենք Երեւան, միանում ենք մեր ընկերներին: Դավաճանները պետք է հեռանան: Մեր պահանջը Նիկոլի անհապաղ հեռացումն է եւ Մանուչարյանին օր առաջ ազատ արձակելը»,-ասաց Մանուչարյանի որդին:

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։