Մշո ճառընտիր. Փրկված ձեռագրեր
Մշո Ճառընտիրը 12-րդ դարի վերջին պատվիրել է Բաբերդի տեր Աստվածատուրը: Նա պատվիրել է այնպիսի ձեռագիր, որ ոչ ոք նմանը չունենա։

Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։
Այն 1200-1202 գրված և նկարազարդված հայերեն խոշորագույն ձեռագիր մատյանն է, որը, սակայն, պատվիրատուն չի վայելել։ 1202 թվականին ձեռագիրը հիմնականում պատրաստ էր, ավարտված չէր միայն հիշատակարանը:

Այդ ժամանակ սկսվում է Իկոնիայի սուլթան Ռուքն-էդ-Դինի արշավանքը, որի ժամանակ Աստվածատուրը սպանվում է, նրա ունեցվածքը բռնագրավվում, իսկ ձեռագիր մատյանը, որը նրա ունեցվածքի մասն էր կազմում՝ խաբեությամբ ձեռք է բերում Խլաթ քաղաքից մի թյուրք աստիճանավոր՝ պատճառաբանելով, որ Աստվածատուրը իրեն պարտք է։ Հետո հասկանալով, որ այդ ձեռագիրն իրենից մեծ արժեք է ներկայացնում՝ վաճառքի է հանում այն։
Մշո Սուրբ Առաքելոցի միաբանները, Եսայի եպիսկոպոսի գլխավորությամբ, Մուշի և նրա շրջակայքի բնակիչների հանգանակությամբ և մոտ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում 4000 արծաթով փրկագնում են այն։
1205 թ-ին ճառընտիրը տարվում է Մուշի Ս․ Առաքելոց վանք՝ դառնալով վանքի գլխավոր սրբություններից մեկը։

Այդտեղ ահվում է 810 տարի, մինչև 1915 թ-ը։ Հայոց աշխարհը պատուհասած եղեռնի օրերին ձեռագրին նոր
փորձություններ էին սպասում։ Հայ ժողովրդին կոտորելուց ու հայ բնկավայրերն ու հայկական եկեղեցիները ավերելուց զատ ջարդարարները ոչնչացնում էին նաև այնտեղ պահվող և հարուստ քաղաքակրթության բազմաթիվ վկայություններ իրենց մեջ բովանդակող հազարավոր ձեռագրեր։
Մեծ թվով ձեռագրեր հայրենասեր հայերի անձնազոհության շնորհիվ փրկվել են ոչնչացումից։
Դրանցից մեկը 28 կգ կշռող մագաղաթյա հսկա Մշո Ճառընտիրն է։

Հայ ժողովրդի ճակատագրին արժանացած ձեռագիրը ևս բռնում է գաղթի ճամփան։ Երկու հայ կին, գաղթի ճանապարհին, առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն վերցնում են այս հսկա մատյանը, որը նախապես 1828 թ-ին Ս․ Առաքելոց վանքում բաժանվել էր երկու մասի՝ թերթելն ու ընթեռնելը առավել մատչելի դարձնելու համար։
Ձեռագրի մասը կանայք թաղում են Էրզրումի վանքի բակում՝ հետագայում վերադառնալու և այն ապահով վայր հասցնելու նպատակով։
Մագաղաթի երկրորդ մասը գաղթական կանայք հասցնում են արևելյան Հայաստան։ Կանանց անունները ցավոք հայտնի չեն։ Երկրորդ մասը գտել է ռուսական բանակի սպա Նիկոլայ դե Ռոբերտին, ով այն տարել է Թիֆլիս և նվիրել հայկական բարեգործական ընկերության թանգարանին: 1929 թ-ին մատյանն ամբողջանում է։

13-14-րդ դարերում, երբ Բարձր Հայքում մեծ վերելք էր ապրում գրչությունն ու մանրանկարչական արվեստը՝ առավել հայտնի կենտրոն էր Երզնկայի ավագ վանքը, որտեղ էլ գրվել և ծաղկվել է հայերեն այս ամենամեծ ձեռագիրը։
Այն ունեցել է 660 թերթ, որի յուրաքանչյուր թերթը մեկ երնջի կամ արջառի կաշվից է պատրաստվել։ Այժմ մատենադարանում է գտնվում 601-ը։ 17-ը պահվում է Վենետիկում, մեկը՝ Վիեննայում։
Մատյանի երկու թերթեր, որոնք երկար տարիներ պահվել են Մոսկվայում՝ Լենինի անվան գրադարանում, շատ պատահականորեն հայտնաբերվում են և իրենց վերջնական հանգրվանն են գտնում մայր գրապահոցում։ Մնացած թերթերը կորստյան են մատնվել։ Այժմ մատյանի երկու կեսն էլ 7729 համարի ներքո գտնվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:










