Առողջապահության նախարարությունը՝ գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը հանելու մասին


Առողջապահության նախարարությունը՝ գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը հանելու մասին
Ապրիլ 21 17:06 2022

Հայաստանի Հանրապետությունում այժմ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ուստի ուժը կորցրել է աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնելու պահանջը:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Բացի այդ, չեղարկվել են անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների Ձևերը:

Միաժամանակ, թույլատրվել է մի շարք հաստատություններում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ), արտաուսումնական խմբակների իրականացումը՝ ապահովելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։

Հրամանի փոփոխությունը հրապարակվել է այսօր. նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։