Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ունեն համատեղ սցենար. զոհասեղանին դրված է Արցախը.Մետաքսե Հակոբյան


Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ունեն համատեղ սցենար. զոհասեղանին դրված է Արցախը.Մետաքսե Հակոբյան
Մարտ 30 16:14 2022

Արցախը երբևէ չի կարող որևէ կերպ լինել Ադրբեջանի կազմում, սա կլինի հերթական գենոցիդ, Արցախի համար անընդունելի է այս դիրքորոշումը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանցիները ներխուժել են Ասկերանի Փառուխ գյուղ, մինչ օրս շարունակում են մնալ Քարագլուխ բարձունքի վրա զբաղեցրած իր դիրքերում:

Մեզ հետ զրույցում Արցախցի պատգամավորը հայտնեց, որ Արցախում իրավիճակը նույնն է, միակ տարբերություն այն է, որ ի տարբերություն սկզբի օրերի, հիմա կրակոցներ չկան:

Հարցին՝ ինչպիսի՞նն է բնակիչների տրամադրվածությունը, արդյո՞ք իրավիճակի կարգավորման դեպքում բնակիչները պատրաստ են վերադառնալ իրենց բնակավայրեր՝ նկատի ունենալով, որ մարտի 24-ից Փառուխի եւ Խրամորթի բնակիչները տարհանվել են՝ Մետաքսե Հակոբյանն ասաց.

«Նույնիսկ հիմա Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի բնակիչները պատրաստ են վերադառնալ և ապրել իրենց տներում, նույնը նաև Փառուխի բնակիչները։ Գիտակցելով ինչ վիճակ է Արցախում՝ յուրաքանչյուրն ուզում է ապրել իր գյուղում, իր քաղաքում այստեղ երկրորդ կարծիք չկա: Մարդիկ հիմա ավելի են կառչած իրենց հողից և կյանքից, տպավորություն է, որ թվացյալ հանգիստ վայրերում կյանքն իր հունով է գնում, իրականում այդպես չէ, դա ուղղակի ապրելու մոլուցքն է, որ պատերազմից հետո արցախցու մոտ դարձել է կյանքի նպատակ, բոլորս գիտակցում ենք, որ Արցախում ապրելով՝ պետք է պահենք Արցախում, այլ տարբերակ չկա»,-ասաց նա:

Ադրբեջանի սադրանքների ֆոնին մեր բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են իրենց բոլոր հայտարարություններում կարմիր թելի նման առաջ տանել, այսպես կոչված, խաղաղության թեզը: Հայաստանի ԱԽ-ն հայտարարություն էր տարածել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված, և Ադրբեջանին առաջարկել էր անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ինչին արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ.«Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու համար 5 նախապայման է դրել Հայաստանի առջև՝Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում:

Թե ո՞րն է սրա վերաբերյալ Արցախի դիրքորոշումը և ինչի՞ կհանգեցնեն միակողմանի խաղաղության կոչերը, զրուցակիցը ընդգծեց՝ խաղաղության մասին թեզը կեղծ օրակարգ է.

«Եթե այս ֆոնի վրա էլ Հայաստանի իշխանությունները պահանջում են անհապաղ անցնել խաղաղության օրակարգի քննարկմանը, կարծում եմ, փայլուն տրամաբանություն պետք չէ, հասկանալու համար, որ զոհասեղանին դրված է Արցախը, մենք դեռևս 2019թ-ից ասում էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա համատեղ գրված սցենար, և այդ սցենարում գլխավոր դերն Արցախինն է, այսինքն՝ Արցախի հարցը լուծել՝ հօգուտ Ադրբեջանի, վերջին օրերին Հայաստանի իշխանությունները պահվածքը հաստատում է, որ իրենք ձեռքերը լվացել են Արցախից»,-ասաց Մետաքսե Հակոբյանը: