Արցախի Հացի գյուղի 5 հա հողն անցել է թշնամուն, 60 հա չի մշակվում, քանի որ կպած է սահմանին․ Հացիի գյուղապետ


Արցախի Հացի գյուղի 5 հա հողն անցել է թշնամուն, 60 հա չի մշակվում, քանի որ կպած է սահմանին․ Հացիի գյուղապետ
Մարտ 22 14:26 2022

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի սահմանամերձ Հացի գյուղում առատ ձյան պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են։ Այս մասին AntiFake.am–ի հետ զրույցում ասաց Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը։ Համայնքապետը պատմեց գյուղում առկա մի շարք առաջնային խնդիրների մասին։

Սարգսյանի խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց հանգիստ են պահում այն պահից, ինչ ձյուն է եկել․ «Ուղղակի օդում կրակոցներ մեկ-մեկ լինում են, հարևան համայնքներում պատահել է, որ կոնկրետ տեխնիկայի վրա են կրակել, հատկապես այս վերջին օրերին։ Դրա  համար սահմանին շատ մոտիկ տարածքները չեն մշակվում»։

 
 

Սարգսյանը վստահեցնում է՝ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, պարզապես թշնամու սադրանքներն անհանգստացնում են բնակիչներին։

Հացի համայնքի ղեկավարը հայտնեց, որ գյուղին պատկանող 5 հա հողն ամբողջությամբ անցել է թշնամուն, 60 հա այս տարի չի մշավել, քանի որ անմիջապես կպած է սահմանին։

«Գյուղտեխնիկայի խնդիր էլ ունենք գյուղում, դրա համար էլ գյուղատնտեսական աշխատանքները չենք կարողանում կազմակերպել, վարելահողերը չենք հասցնում ամբողջությամբ ավարտել, չենք հասցնում ժամանակին մշակել»,— պատմեց Սարգսյանը։