Մարտերը Զարդանաշենում․ ինչպես գրավվեցին Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը


Մարտերը Զարդանաշենում․ ինչպես գրավվեցին Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը
Մարտ 20 16:05 2022

Քարին Տակի անկումը (մաս 1, մաս 2), Սղնախի անկումը, Ավետարանոցի անկումը, Մոշխմհատի, Մադաթաշենի, Ակնաղբյուրի և Ջրաղացների անկումըՇեխերի անկումը

Ադրբեջանական ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում գրավել են Արցախի Մարտունու շրջանի Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը։ Զարդանաշենը հակառակորդը միայն մի քանի օր տևած մարտերից հետո է կարողացել գրավել, իսկ Սարգսաշեն մտել է առանց դիմադրության։

Զարդանաշենում և Սարգսաշենում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է նշված համայնքների ղեկավարներ Վոլոդյա Դանիելյանի և Խաչիկ Խաչատրյանի հետ։ Որոշ ճշտումներ կատարվել են Արցախի ազատամարտիկների միության անդամ Սևակ Փարսյանի օգնությամբ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրը Զարդանաշեն գյուղի պահեստազորայինները (ՄՈԲ-ի ենթակա անձինք) զինկոմիսարիատ են կանչվում։ Համայնքի ղեկավար Վոլոդյա Դանիելյանը 9 գյուղացու (սա գյուղի ամբողջ ՄՈԲ-ն էր) անձամբ է տեղափոխում Մարտունու շրջանի Ճարտար գյուղ։ Այնտեղից 8-ը տեղափոխվում է Մարտունի 2-ի դիրքեր, իսկ մեկը որպես շտապօգնության վարորդ՝ Ջրական (Ջաբրայիլ)։