Կորոնավիրուսը կարող է դառնալ օրգանիզմում սև բորբոսի զարգացման պատճառ


Կորոնավիրուսը կարող է դառնալ օրգանիզմում սև բորբոսի զարգացման պատճառ
Մարտ 11 14:40 2022

Իմունային համակարգի թուլացման պատճառով կորոնավիրուսը որոշ դեպքերում կարող է հանգեցնել քթի խոռոչում սև բորբոսի առաջացման։ Այս մասին, ինչպես գրում է med2.ru կայքը, հայտնել է քիթկոկորդականջաբան Վլադիմիր Զայցևը։ 

 

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի՝ օրգանիզմ ներթափանցելու դեպքում տեղի է ունենում իմունային համակարգի կտրուկ թուլացում, ինչի հետևանքով բարձրանում է տարբեր հիվանդությունների զարգացման հավանականությունը, մինչդեռ ամուր իմունային համակարգը կանխում է տարատեսակ ախտաբանությունների, այդ թվում նաև հաճախ լոգասենյակներում «բնակվող» սև բորբոսի զարգացումը։ Բավական հազվադեպ հանդիպող սնկային այս վարակը, որը կոչվում է մուկորմիկոզ, օրգանիզմում հայտնվելու ու զարգանալու դեպքում կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար։ 

Կորոնավիրուսի՝ մարդու օրգանիզմում հայտնվելուց հետո իմունային համակարգը թուլանում է, իսկ մուկորմիկոզի զարգացման հավանականությունը կտրուկ բարձրանում է։ Սև բորբոսը կարող է ախտահարել կոկորդի հետին պատը, նշագեղձերը, քիթըմպանային ու հարքթային հատվածները և անգամ թոքերն ու բրոնխները։ Սա է պատճառը, որ COVID-19-ի ախտորոշման դեպքում հարկավոր է ծայրաստիճան ուշադիր լինել ու հետևել օրգանիզմի ընդհանուր վիճակին։

 

Այնուամենայնիվ՝ սև բորբոսից կարելի է հեշտությամբ խուսափել լոգասենյակում և առհասարակ ամբողջ տանը դրա բացակայությունն ապահովելու դեպքում, ուստի հարկավոր է անպայման հետևել օդի խոնավության մակարդակին ու կանխել դրա բարձրացումը։ Բանն այն է, որ համեմատաբար չոր պայմաններում լոգասենյակում սև բորբոս չի առաջանում, ուստի ժամանակ առ ժամանակ տարածքն օդափոխելը շատ կարևոր է։