Այսօր առավոտից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները։ Այս մասին, «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ միայն դրանից հետո կարող են իրականացվել վթարված գազատարի վերականգման աշխատանքները։
Իսկ, թե դրանք երբ կմեկնարկեն, Հունան Թադևոսյանը դժվարացավ ասել։ «Այդ առնչությամբ դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Բանակցությունները, կարծես թե, ընթանում են»,-ասաց Թադևոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 7-ի ուշ երեկոյան Շուշիի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ են լսվել, որից հետո Արցախում գազամատակարարումն անջատվել է ։ Հետո պարզեցինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար է պայթեցվել ու մինչ այս պահը թշնամին թույլ չի տալիս, անգամ ռուս խաղաղապահներին՝ մոտենալ ու հասկանալ ինչո՞ւմն է խնդիրրը։ Արցախի ԱԺ պատգամավորը տեղեկացրել է, որ Արցախի բնակչությունը սառած նստած է տներում, որովհետև պատերազմից հետո արդեն նաև էլեկտրաէներգիայի խնդիր ունեն։