Մենք չենք վախենում ադրբեջանցիներից, որ վախենայինք այստեղ չէինք ապրի. Խրամորթի գյուղապետ


Մենք չենք վախենում ադրբեջանցիներից, որ վախենայինք այստեղ չէինք ապրի. Խրամորթի գյուղապետ
Մարտ 6 17:45 2022

Այսօր առավոտյան ժամը 8:00-ին ադրբեջանցիները մոտ 5-6 րոպե ինտենսիվ կրակոցներ են արձակել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ, կրակոցները լռեցրել են հայ դիրքապահները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորի Աբրահամյանը` նշելով, որ կրակոցներից որեւէ վնաս չի եղել:

«Մինչեւ խաղաղապահների գալը արդեն կրակոց չկար, արդեն մեր դիրքապահները լռեցրել էին»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով`  ադրբեջանցիները այլեւս տարածքը լքելու մասին հայերենով կոչը չեն հնչեցնում:

«Արդեն մենք ենք հայրենասիրական երգեր միացնում, իրենք էլ լսում են, մինչեւ Բարդա լսվում է, իրենք լավ էլ հասկանում են:Մենք չենք վախենում ադրբեջանցիներից, որ վախենայինք այստեղ չէինք ապրի: Ծնվել ենք այս հողում, ապրում ենք ու ապրելու ենք այստեղ»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարել են, որ բնակիչները լքեն Խրամորթը, չիրականացնեն գյուղատնտեսական աշխատանքներ, քանի որ գտնվում են ադրբեջանական տարածքում: