Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է հանել փակ տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջը։ Կառավարության այսօրվա նիստին այդ մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ փակ տարածքներում արդեն ուղղակի խորհուրդ կտրվի դիմակի կրումը։
ՀՀ վարչապետի հարցադրմանը՝ որքանո՞վ է երաշխիքը, որ հակահամաճարակային այդ կանոնի վերանայումը չի հանգեցնելու կորոնավիրուսային հիվանդության աճի, նախարարը պատասխանեց․
«Վստահ ենք, որ նվազումն անշրջելի է լինելու։ Այդ կանխատեսումն արվել է վերջին շաբաթների մոնիթորինգի տվյակների հիման վրա, որը ցույց է տվել, որ հիվանդացության թիվը կայուն նվազում է։ Բացի այդ, հիմնվում են նաև այլ երկրների փորձի վրա, որտեղ նույնպես հակահամաճարակային կանոնների վերանայումներ են արվել։ Առաջիկայում ևս նվազման տենդենցը պահպանվելու է»։
Նախարարի խոսքով՝ առաջիկա շաբաթում որոշ սահմանափակումներ կվերանայվեն, բայց բժշկական հաստատություններում դիմակի պարտադիր կրման պահանջը կպահպանվի։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում ներկա պահին շրջանառվում է Օմիկրոն շտամի B1 և B2 ենթատեսակները, որոնք տարածման նվազ ցուցանիշ ունեն, բայց չպատվաստված տարեց և խրոնիկ հիվանդություններով մարդիկ ապահովագրված չեն հիվանդության ծանր ընթացքից։ Օմիկրոնը, ինչպես նշեց նախարարը, գրեթե ամբողջությամբ դուրս է մղել դելտա շտամին։
Նախարարը նաև նշեց, որ վերջին 1-2 ամսվա ընթացքում պատվաստված բնակչության թիվը կտրուկ աճել է․ «65-ից բարձր տարիքի բնակչության շուրջ 40 տոկոսը պատվաստված է։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 մլն 80 հազար 715 քաղաքացի, երկրորդ՝ ամբողջական դեղաչափ ստացել է մեծաահսների 47,9 տոկոսը։ 3-րդ խթանիչ դեղաչափ ստացել է 20 169 քաղաքացի»։