Գիտնականները փորձում են պարզել այն մարդկանց գաղտնիքը, որոնք չեն վարակվում COVID-ով


Գիտնականները փորձում են պարզել այն մարդկանց գաղտնիքը, որոնք չեն վարակվում COVID-ով
Փետրվար 12 20:50 2022

Գիտնականները փորձում են պարզել այն մարդկանց գաղտնիքը, որոնք չեն վարակվում COVID-ով, չնայած վիրուսի ազդեցությանը։

Կորոնավիրուսով չվարակված մարդկանց ոչ մեծ խմբի ուսումնասիրությունը կարող է հանգեցնել պատվաստման նոր նպատակների կամ պաշտպանության այլ միջոցների ստեղծման, քանի որ աշխարհը մտնում է համավարակի երրորդ տարի, գրում է Axios-ը։ Հետազոտվում են այդ մարդկանց պաշտպանության տարբեր հնարավորությունները՝ այլ վարակներով պայմանավորված իմունային պաշտպանություն, գենետիկա, վիրուսային բեռնվածություն կամ շրջակա միջավայրի գործոններ։ Եվ գուցե՝ պարզապես նրանց բախտն է բերել։

(Վիրուսի հանդեպ) կայուն մարդկանց գաղափարը կարող է «շատ հրապուրիչ» լինել, բայց «մենք բավական մանրամասն չգիտենք, թե ինչու է ինչ-որ մեկը վարակվել և կամ չի վարակվել՝ հասկանալու համար դա»,-ասել է COVID-19-ի արձագանքման CDC կենտրոնի գլխավոր բժշկական տնօրեն Ջոն Բրուքսը։

(Մարդու վարակման հետազոտման) լայնորեն քննարկվող մեթոդն օգտագործելով՝ բրիտանացի հետազոտողները միտումնավոր վարակել են մարդկանց, որոնք պատվաստված չեն եղել և մինչ այդ վարակի նշաններ չեն ունեցել։ Համաձայն վերջերս հրապարակված նախնական փաստաթղթի՝ նրանք հայտնաբերել են, որ 34 մասնակցից 16-ը չի վարակվել։

Հետազոտությունը մեծ չէ, այն չի գրախոսվել, բայց, ըստ երևույթին, հաստատում է ոչ պաշտոնական տվյալներն այն մասին, որ հիվանդների հետ սերտ կապի մեջ գտնվող մարդիկ երբեմն չեն հիվանդանում։

«Ամենազարմանալի բացահայտումն» այն էր, որ մասնակիցների մոտավորապես կեսը վարակվել է հնարավոր նվազագույն չափաբաժնի ազդեցությունից հետո, ասում է հետազոտության համահեղինակ, Լոնդոնի Կայսերական քոլեջի փորձնական բժշկության պրոֆեսոր Փիթեր Օփենշոուն։

Շատ մարդիկ, ովքեր ընդդիմանում են հետազոտության արդյունքներին, կարևոր հարց են բարձրացնում. «Ինչո՞ւ են ոմանք ավելի խոցելի, քան մյուսները»,-ասում է Օփենշոուն։

Հետազոտողները փորձում են կենտրոնանալ այս հարցի վրա։

1) Մարդու էնդեմիկ չորս կորոնավիրուսների խաչաձև իմունիտետը հիպոթեզներից մեկն է։ Այդ ուրիշ կորոնավիրուսները առաջացնում են մրսածության բազմաթիվ հիվանդություններ և կարող են խթանել որոշ մարդկանց B-բջիջների և T-բջիջների ռեակցիա նոր կորոնավիրուսի դեմ։

Բրուքսն ասում է, որ համոզիչ ապացույցներ առայժմ չկան։ Բայց վարակիչ հիվանդությունները հաճախ առաջ են բերում մի ինչ-որ երկարաժամկետ իմունային հիշողություն, որը կարող է ինչ-որ օգնություն ցուցաբերել, ավելացնում է նա։

Հնարավոր է նաև, որ մարդիկ չեն գիտակցել, որ անախտանշան COVID վարակ են ունեցել և իմունային բջիջներ են կուտակել՝ ապահովելու համար որոշակի պաշտպանություն։

2) Բազմաթիվ գենետիկ վարիացիաները կարող են որևէ մեկի իմունային համակարգն ավելի կամ պակաս ընկալունակ դարձնել վիրուսի հանդեպ։

«Ես կարծում եմ, որ արդեն նկարագրվել է մոտ 20 տարբեր գեն, որոնք ազդում են ծանր վարակի առաջացման հավանականության վրա»,-ասում է Օփենշոուն։

Չվարակվելու գենետիկական հակվածությունը «նկատվում է այլ հիվանդությունների դեպքում, երբ մարդկանց մոտ կա մեկ կամ մի քանի գործոն, որոնք խանգարում են բջիջների հետ վիրուսի կապվելուն կամ ներթափանցելուն»,-ասում է Ջոն Հոփկինսի Առողջության կենտրոնի իմունաբան, ավագ գիտաշխատող Գիգի Գրոնվալը։

Այս արագ զարգացող ոլորտն առաջարկում է բազմախոստում հետազոտություններ, բայց «իրականում դեռ պատրաստ չէ փրայմ-թայմի»,-ասում է Բրուքսը։

3) Լորձաթաղանթների իմունիտետը կարող է անգնահատելի դեր խաղալ պաշտպանության ստեղծման գործում։

Եթե ինչ-որ մեկի լորձաթաղանթների համակարգն առողջ է և կարող է արձագանքել մի շարք ախտածինների ներթափանցմանը, «այն հաճախ կդիմակայի վարակին՝ մինչ հակամարմիններ, Т-բջիջներ և այլն ներառող իմունային համակարգը կհասցնի միջամտել»,-ասում է Օփենշոուն։

Փորձագետներն այս պատճառով է նաև, որ ասում են, թե նազալ պատվաստանյութերը և խթանիչները ուսումնասիրվում են որպես ռեժիմի հնարավոր մաս, քանի որ «պատվաստանյութը կարող է ավելի լավ աշխատել, եթե ներմուծվի նույն ճանապարհով, ինչ և ախտածինը»,-ասում է Բրուքսը։

4) Դեր կարող է խաղալ նաև այն, թե որտեղ է տեղակայվել վիրուսը, որքանով էր մեծ նրա մասնիկը, ներգործության չափն ու տևողությունը, որքանով են լավ եղել օդափոխումը և շրջակա միջավայրի այլ պայմանները, ասում է Օփենշոուն։

Արդյունքը. պատվաստումը և վերապատվաստումը, դիմակներ կրելը, ձեռքերը լվանալը և լավ օդափոխությունը վարակի կանխման կամ ախտանշանների մեղմման մեր ամենակարևոր գործիքներն են, ասում է Բրուքսը։

Կորոնավիրուսով երբեք չվարակված մարդկանց խմբի հետազոտությունը կարևոր է պոտենցիալ բժշկական հակամիջոցների համար, բայց «ես հույս ունեմ, որ մարդիկ չեն մտածի, թե իրենք գերմարդիկ են» և պաշտպանված են SARS-CoV-2-ից միայն այն պատճառով, որ դեռ չեն վարակվել դրանով, ասում է Գրոնվալը։

Աղբյուրը՝ news.am