Արարատի մարզում հուլիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած պայմանագարյին զինծառայողն ու նրա կինը դուրս են գրվել Վեդիի հիվանդանոցից:
Մկրտիչ Ղ.-ն և Արմինե Մ.-ն լուրջ մարմնական վնասվածքներ չեն ունեցել, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն: Նշենք, որ զինծառայողը կնոջ ու երեխայի հետ գնում էր Արցախ, որտեղ նա ծառայում է, նա սպա է:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում. ժամը 18:30-ի սահմանում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Ղ.-ն, ուղևոր 24-ամյա Արմինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղ.-ն տեղում մահացել է:










